Բաժին. Սոցիալական

ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՑ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԿԼԻՆԻ ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՓՈՂՈՑ – ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԽՃՈՒՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԸ

Երևանի քաղաքապետարանից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ մայրաքաղաքում շարունակվում են Լենինգրադյան փողոց – Իսակովի պողոտա և Ուլնեցի – Ռուբինյանց փողոցներն իրար միացնող ճանապարհների շինարարական աշխատանքները, որոնց գլխավոր նպատակը քաղաքի կենտրոնական փողոցների բեռնաթափումն է: Լենինգրադյան – Իսակովի հատվածի պարագայում կբեռնաթափվեն և՛ Ծիծեռնակաբերդի խճուղին, և՛ Աթենքի փողոցը:

Ճանապարհի կարևորագույն հանգույցներից մեկը  Լենինգրադյան  փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող թունելային մասի վերգետնյա  հատվածն է,  որտեղ ավարտվում են ասֆալտապատման աշխատանքները: Երթևեկը Լենինգրադյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածում կվերականգնվի հունիսի 14-ի առավոտյան:

Զուգահեռաբար, ավարտական փուլ է թևակոխել նաև Իսակովի պողոտայում կառուցվող կամրջի շինարարությունը,  որից սկիզբ է առնելու ճանապարհը Իսակովի պողոտայի կողմից: Կամրջի երկաթբետոնե կոնստրուկցիաների տեղադրումից հետո այժմ ընթանում են վերջնական շերտի բետոնալցման աշխատանքները, որոնք կավարտվեն հունիսի 13-ին: Ջրամեկուսացման աշխատանքներից անմիջապես հետո կմեկնարկի ասֆալտապատման գործընթացը: 

Share