Բաժին. Սոցիալական

ORANGE ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼԻՈՎԻՆ ՎԵՐԱԶԻՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՈՒԴԻՈԳՐՔԵՐԻ ՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՍՏՈՒԴԻԱՆ

Orange Հիմնադրամի աջակցությամբ և Գլոբալ երիտասարդական միություն հիմնադրամի (ԳԵՄՀ) ջանքերով այսուհետ Հայաստանի կույրերի միավորման տարածքում կգործի վերազինված ստուդիա, որտեղ հնարավոր կլինի ձայնագրել հայերեն աուդիոգրքեր կույր և թույլ տեսողություն ունեցող անձանց համար: Ձայնագրման այս ստուդիան, որը հիմնվել է տասնյակ տարիներ առաջ, թեև մշտապես շարունակել է գործել, այդուամենայնիվ մինչ օրս օգտագործում էր հին ձայներիզներ: Ձեռք բերված նորագույն տեխնիկայի շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի աուդիոգրքերը ձայնագրել CD և MP3 ֆորմատներով, իսկ արդեն եղած ձայներիզներում եղած բովանդակությունը թվայնացնել:

«Հաշմանդամությունը և, մասնավորապես, տեսողական խնդիրներ ունեցող անձինք Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են եղել միշտ: Մեծ ուրախությամբ ենք մասնակցում այս նախաձեռնությանը, որը թույլ է տալու տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար հնարավորինս հասանելի դարձնել հայ և արտասահմանյան գրականությունը: Իհարկե, արդեն իսկ բավականին քանակությամբ գրականություն կա բրայլյան այբուբենով, սակայն տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս նաև ունենալ խոսող գրքեր՝ էլ ավելի մեծ հարմարավետության համար», – ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

ԳԵՄՀ գործադիր տնօրեն Սուսաննա Հայրապետյանն ավելացրել է, որ նախագիծն ունի պատմական արժեք, քանի որ թույլ կտա տասնյակ տարիների ընթացքում հավաքագրված հայ գրականության մեծագույն արժեքները փոխանցել սերնդեսերունդ աուդիո տարբերակով:

Հայաստանում այսօր ապրում են ավելի քան 12,000 կույր և տեսողության խնդիրներ ունեցող անձինք, որոնց մեծ մասը այս կամ այն կերպ կապված են Հայաստանի կույրերի միավորման հետ: Հենց միավորումն իր ներկայացուցիչների միջոցով պիտի  Հայաստանի տարբեր վայրերում բնակվող կույրերին հասնի աուդիոգրքերը, որոնք կարևոր են բոլորի և առավել ևս՝ տեսողությունը մեծ տարիքում կորցրած անձանց համար, ովքեր շատ դեպքերում բրայլյան այբուբենով գրականությունից չեն կարող օգտվել:

Նախագծի մեկ այլ բաղկացուցիչն է www.audiolibrary.am համացանցային աուդիոգրադարանի համալրումը նոր գրականությամբ, որտեղ մեծամասամբ ընդգրկվելու են հայ և արտասահմանյան դասական գրականության նմուշներ:

Նախագծի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 8,700,000 դրամ:

Հիշեցնենք, որ հոգալով տեսողության խնդիրներ ունեցող անձանց մասին՝ արդեն երկու տարի ի վեր Orange Հիմնադրամը Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին իրականացնում է  մի բարեգործական նախագիծ՝ ուղղված Հայաստանի մարզերի բնակիչներին, որի նպատակն է անվճար ակնաբուժական ծառայություններ մատուցել տեսողության խնդիրներ ունեցողներին՝ ներառյալ անվճար վիրահատություններ և լազերային բուժումներ: Մինչ օրս բարձրակարգ ակնաբուժական խումբը եղել է Շիրակի, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Տավուշի մարզերում՝ աջակցություն ցուցաբերելով առավել քան 37,000 մեծահասակների ու երեխաների:

Share