Բաժին. Սոցիալական

Մեկնարկում է «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը

Արդեն 4-րդ անգամ Հայաստանում կանցկացվի «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը: Այն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Այն բնապահպանական միակ փառատոնն է հարավկովկասյան տարածաշրջանում:

«Արևորդի»  միջազգային բնապահպանական փառատոնի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել շրջակա միջավայրի, կենդանական ու բուսական աշխարհին սպառնացող խնդիրների վրա, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածությունը` Հայաստանի կենսաբազմազանության և դրա պահպանման կարևորության վերաբերյալ:

Փառատոնի 2013թ.-ի ծրագիրն ընդգրկում է միջազգային բնապահպանական մանկական ֆիլմերի մրցույթ, բնապահպանական խնդիրների շուրջ քննարկումներ և հանրային միջոցառումներ:

«Արևորդի» միջազգային բնապահպանական 4-րդ փառատոնն այս տարի կներկայանա նոր սկզբունքով, այն է՝ ավելացնել մասնակիցների թիվը՝ նվազեցնելով բնապահպանական խնդիրները: Այս ամենը հնարավոր կլինի իրականացնել փառատոնի առցանց կազմակերպման միջոցով, որի շրջանակներում կենդանիներին և բնապահպանական խնդիրներին նվիրված վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ կկազմակերպվեն հայաստանյան հեռուստաալիքներով, համացանցով: Դրանք կուղեկցվեն հանրային ակտիվ քննարկումներով: Ֆիլմերը կցուցադրվեն 2013թ.-ի հոկտեմբերի 18-ից մինչև 27-ը:

Փառատոնի շրջանակներում  կիրականացվի նաև  հիմնական 3 միջոցառում՝ նկարչական օր, մրցանակների հանձնման արարողություն և   կենդանիների դիմակահանդես-շքերթ: Գործընկերների` ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի  (GEF) հետ համատեղ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հոկտեմբերի 25-ին բոլորին հրավիրում է FPWC-ի «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»՝ մասնակցելու  Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնի բացման արարողությանը, որը կուղեկցվի խորհրդանշական ծառատունկով:

«Արևորդի» փառատոնի միջոցառումների ժամանակացույց.

Հոկտեմբերի 6. 6-րդ Նկարչական Օր և Երևանի կենդանաբանական այգու 72-ամյակին նվիրված տոնակատարություններ,

Հոկտեմբերի 18. Մանկական ֆիլմերի մրցանակների հանձնման արարողություն, ֆիլմի ցուցադրություն և քննարկում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում,

Հոկտեմբերի 25. Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում «Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնի» բացման արարողություն և ծառատունկ (Արարատի մարզի Ուրցաձոր համայնք), ֆիլմի ցուցադրություն և քննարկում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում,

Հոկտեմբերի 26. «Կոնֆուսաո» սամբա խմբի բացօթյա համերգը Սիրահարների այգում,

Հոկտեմբերի 27. Կենդանիների դիմակահանդես-շքերթ Երևան քաղաքի փողոցներով, որը կուղեկցվի «Կոնֆուսաո» սամբա խմբի համերգով՝ Երևանի կենդանաբանական այգում:

Share