Բաժին. Սոցիալական

«ԱրմենՏել»-ն աջակցում է Արմավիրի մարզում համայնքային բարեկարգման ծրագրերի իրականացմանը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և Հայաստանի մանուկներ հիմնադրամը հայտարարել են Արմավիրի մարզում համայնքային բարեկարգման ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է մարզի համայնքերը դարձնել ավելի մաքուր, գրավիչ և հարմարավետ:

Համայնքային բարեկարգմանն ուղղված ծրագրի շրջանակում այսօր «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և ընկերության աշխատակիցները մեկնել են Քարակերտ համայնք, որտեղ մեկնարկել են  «Գունագեղ այգի» և «Մաքուր միջավայր» խորագրի ներքո միջոցառումները: «ԱրմենՏել» ընկերության, Հայաստանի մանուկներ հիմնադրամի աշխատակիցների և համայնքի երիտասարդների համատեղ ջանքերով ստեղծվել է հանրային այգի` հանգստի տաղավարներով և երեխաների համար նախատեսված խաղահրապարակով: Իրականացվել են նաև աղբահանության և համայնքի գլխավոր փողոցների ձևավորում՝ ցուցանակների, աղբամանների և սոցիալական իրազեկման վահանակների տեղադրումով:

«ԱրմենՏել ընկերության սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղությունն է աջակցել այնպիսի ծրագրերի, որոնց հիմնական նպատակն է օգնել մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը: Այսօր Քարակերտ համանքում մեր ընկերության աշխատակիցներն իրենց լուման ներդրեցին մի կարևոր և գեղեցիկ ծրագրի իրականացման գործում: Համոզված եմ, որ մեր աշխատանքի արդյունքները դեռ երկար ժամանակ կուրախացնեն համայնքի բնակիչներին, իսկ այս միջոցառումը կդառնա շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքի ամենավառ օրինակներից մեկը»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հպարտ ենք, որ մեր երեխաների մոտ այսպիսի հրաշալի գաղափարներ են առաջանում և որ նրանք հետևողականորեն իրագործում են այս չափազանց կարևոր ծրագրեր: Մեր կազմակերպության համար մեծ պատիվ է օժանդակել նման նախաձեռնություններին և մեր գործընկեր «ԱրմենՏել» ընկերության հետ միասին նպաստել դրանց իրականացմանը»,- ասել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:

Համայնքային գեղեցկացմանն ուղղված ծրագրի  շրջանակում 2013 թվականին իրականացվելու է ևս 4 միջոցառում, որոնցից երկուսը` Լեռնագոգ համայնքում, իսկ մյուս երկուսը` Դալարիկում: Բոլոր ծրագրերն ընտրվել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից կազմակերպված «Ձեռներեցության ուսուցում և պրակտիկա պատանիների համար» ամառային դպրոց» ծրագրի շրջանակում, որի նպատակն էր նպաստել պատանիների ինքնագիտակցության բարձրացմանը` ամրապնդելով սերը սեփական համայնքի նկատմամբ և պատրաստակամությունը անձնական մասնակցությամբ նպաստելու համայնքի զարգացմանը:

Նշենք նոր, «ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ ունի համատեղ ծրագրերի իրականացման հարուստ փորձ: Այս տարի հոկտեմբերին նաև մեկնարկել է  «Իրագործի´ր» նախագիծը, որը հնարավորություն կտա Մյասնիկյան և Քարակերտ համայնքների դպրոցների աշակերտներին ձեռք բերել մարզերում պահանջված մասնագիտություններ:

Share