Բաժին. Սոցիալական

Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել Կապանի, Գորիսի և Եղեգնաձորի համալսարանների 34 ուսանողի

Հայաստանի մարզային համալսարանների հետ համագործակցության շրջանակներում Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Կապանի մասնաճյուղի, Գորիսի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի 34 ուսանողի:

«Ուրախ ենք նշել, որ մարզային համալսարանների հետ մեր 3-ամյա համագործակցությունը շարունակվում է, իսկ այդ համագործակցության մի բաղկացուցիչն էլ օգնությունն է այն ուսանողներին, ովքեր դժվարանում են լուծել բարձրագույն կրթության ֆինանսական դժվարությունները: Կարծում ենք, որ Հայաստանը ոչ միայն Երևանն է, այլ բոլոր մարզերը` մեծ ու փոքր բնակավայրերով: Մեզ համար կարևոր է օգնություն ցուցաբերել մարզային ուսանողներին հաղթահարել բարձրագույն կրթության ֆինանսական դժվարությունները, քանի որ այսօրվա ուսանողներն են լինելու այդ մեծ ու փոքր բնակավայրերի ապագա մասնագետները»,- ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange Հիմնադրամը փոխանցել է երեք միլիոն դրամ, որը պետք է հատկացվի ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, երկու հիմնական չափանիշների հիման վրա՝ ուսանողի առաջադիմություն և ընտանիքի սոցիալական վիճակ: Նույն սկզբունքով նախատեսվում է այս տարվա ընթացքում տրամադրել կրթաթոշակներ ընդհանուր թվով 9 համալսարաններում:

Հայաստանի հարավային շրջաններ կատարած այցի շրջանակներում Ֆրանսիս Ժելիբտերը նաև հանդիպում է ունեցել Եղեգնաձորի համալսարանի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում Ֆրանսիս Ժելիբտերը հանդես է եկել «Հայաստանում միջազգային կազմակերպության կառավարման մոտեցումը Orange-ի օրինակով» թեմայով հատուկ դասախոսությամբ: Վերջինս իր աշխատանքային փորձով կիսվել է ապագա տնտեսագետների և ֆինանսիստների հետ և, ներկայացրել այն հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվում է Orange-ը:

Նշված համալսարանների հետ Orange Հիմնադրամի համագործակցությունը չի սահմանափակվում կրթաթոշակների տրամադրմամբ. բուհերի հետ համագործակցության շրջանակներում ուսանողները կարող են մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ ընկերության աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ են իրականացնում ուսանողների համար: Բացի այդ, Գորիսի համալսարանում ստեղծվել է անվճար Orange Wi-Fi ինտերնետ անկյուն ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների համար:

Հիշեցնենք, որ 2011թ. Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 67, իսկ 2012թ.՝ 95 ուսանողների:

Share