Բաժին. Սոցիալական

Orange Հիմնադրամի աջակցությամբ մարզերում բացվել են նոր համակարգչային սրահներ և մարզադահլիճներ

Orange-ը շարունակում է Հայաստանի համայնքային զարգացմանն ու մարզերի տեխնոլոգիական առաջընթացին ուղղված իր ծրագրերի իրականացումը: Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում իրականացվել են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Մարտիրոս և Շաղատ գյուղերում բացվել են համակարգչային սրահներ, իսկ Անգեղակոթ գյուղում կահավորվել է գյուղի դպրոցի մարզադահլիճը:

Orange-ում վստահ են, որ համակարգչային սրահները երկու գյուղերի բնակիչներին թույլ կտան, առանց տանը համակարգիչ և ինտերնետ ունենալու անհրաժեշտության, օգտվել նորագույն տեխնոլոգիաներից, սովորել կիրառել տարբեր ծրագրեր, մուտք ունենալ դեպի համաշխարհային ցանց, մասնակցել տարբեր քննարկումների ու ֆորումների, ինչպես նաև մասնակցել կրթական ծրագրերի: 7 համակարգիչների, տպիչի և Orange MyFi երթուղիչի շնորհիվ յուրաքանչյուր համակարգչային սրահում տեղի բնակիչների համար կկազմակերպվեն համակարգչային դասընթացներ և կապահովվի վերջիններիս հասանելությունը համաշխարհային ցանցին: Սրահի ստեղծման համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 4.7 միլիոն դրամ: Ընկերության աջակցությամբ մարզերում արդեն գործում է 17 համակարգչային սրահ:

Որպես հեռավոր և խոցելի համայնքների զարգացման տեսլականի մի բաղկացուցիչ մաս՝ Orange Հիմնադրամը ֆինանսավորել է Անգեղակոթ գյուղի դպրոցի մարզադահլիճի կահավորման աշխատանքները: Տարբեր մարզասարքերով վերազինված այս դահլիճն այժմ լիովին համապատասխանում է դպրոցի մարզական ծրագրով նախատեսված պահանջներին: Մարզադահլիճը կծառայի ոչ միայն դպրոցի երեխաներին, այլև Անգեղակոթ գյուղի այլ բնակիչներին՝ տարբեր մարզական իրադարձություններ և մրցույթներ կազմակերպելու նպատակով: Մարզադահլիճի կահավորման համար Orange-ը տրամադրել է 2.9 միլիոն դրամ:

Գյուղական համայնքներում Orange Հիմնադրամի աջակցությամբ արդեն իսկ կահավորվել են թվով 11 մարզադահլիճներ:

Share