Բաժին. Սոցիալական

Հայաստանի ԲՈՒՀ-երի ավելի քան 100 ուսանող կստանա Beeline կրթաթոշակ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում են «Beeline Scholarship» համատեղ ծրագիրի մեկնարկի մասին: 

Ծրագրի շրջանակում Հայաստանի պետական ԲՈՒՀ-երի ուսանողները մրցակցային հիմունքներով կարող են ստանալ Beeline կրթաթոշակ՝ մինչև 300.000 դրամի չափով:  

Ծրագրին կարող են մասնակցել երկրորդից չորրորդ կուրսերում վճարովի համակարգում սովորող այն ուսանողները, ովքեր մասնագիտանում են սոցիալական և հումանիտար գիտություններ, արվեստ, ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, իրավունք, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, բիզնես կառավարում և ճշգրիտ ու բնական գիտություններ ոլորտներում: 

«Beeline Scholarship» ծրագիրն իրականացվելու է երկու հիմնական փուլով: Առաջին փուլում՝ նոյեմբերի 25-ից  դեկտեմբերի 25-ը, մասնակիցները պետք է ներկայացնեն «Ինչ փոփոխություն եմ պատրաստվում իրականացնել իմ ոլորտում» ծրագիր-առաջարկ` 300-600 բառի սահմաններում:  Ծրագիր-առաջարկը պետք է լինի հայերեն:  

Երկրորդ փուլում ՀՀ Կրթության և Գիտության նախարարության, միջազգային, կրթական և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներից, այդ թվում նաև կրթական ոլորտում առաջատար էքսպերտներից կազմված հանձնաժողովն առաջին փուլն անցած մասնակիցներից կընտրի այն 80-110 ուսանողին, ովքեր կարժանան  «Beeline կրթաթոշակ»-ին: Հաղթողները կհայտարարվեն հունվարի վերջին:  

Հաղթող ուսանողների շրջանակում Բրիտանական խորհուրդը կանցկացնի խաղարկություն, որի արդյունքում հաղթող ուսանողներից  մեկը հնարավորություն կունենա մեկնելու Միացյալ Թագավորություն և մասնակցելու դասընթացի:

 «Համոզված եմ, որ մեր ծրագիրը հնարավորություն կընձեռի տաղանդավոր ուսանողներին ձեռք բերել այնպիսի մասնագիտություն, որն, անշուշտ,  օգտակար կլինի իրենց հայրենիքի համար: «Beeline Scholarship» ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, իսկ դա նշանակում է, որ 38 պետական համալսարանի ավելի քան 50.000 ուսանող կարող են դառնալ այս ծրագիրը մասնակիցը: Ինձ համար շատ հաճելի է, որ «ԱրմենՏել» ընկերության հերթական սոցիալական ծրագիրը, կօգնի երիտասարդներին ինքնուրույն ստեղծել պայմաններ ապագայում հաջողության հասնելու համար»,- նշել է  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Բրիտանական խորհրդի համար կարևորագույն ուղղություն է կրթությունը: Beeline Scholarship ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին ոչ միայն կրթաթոշակ ստանալ, այլև ընտրական հանձնաժողովում ընդգրկված մարդկանց ներկայանալ որպես ապագայում փոփոխություններ բերող մասնագետներ: Մենք ուրախ ենք համագործակցել «ԱրմենՏել»  ընկերության հետ և հուսով ենք, որ առաջիկայում ականատես կլինենք ծրագրի նկատելի արդյունքներին», – ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ Նորայր Երզնկյանին` 010552945 (ն.հ. 5109) կամ գրել Norayr.Yerznkyan@britishcouncil.am էլեկտրոնային հասցեին:

Share