Բաժին. Սոցիալական

Թողարկվել է Երևանի հեռախոսային ցանցի 100-ամյակին նվիրված նամականիշ

Հայփոստը թողարկում է Երևանի հեռախոսային ցանցի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշը:

Հայփոստից հայտնում են, որ նամականիշի վրա պատկերված են 30-ական թվականներին օգտագործվող հեռախոս, Telefonegyar R.T. Budapest հեռախոս և 80-ական թվականներին օգտագործվող հեռախոս՝ հեռախոսասյուների և հեռախոսային լարերի մոնտաժողի խորապատկերին: Նամականիշի ստեղծման գործում աջակցություն են տրամադրել “ԱրմենՏել” ՓԲԸ-ն, Երևան քաղաքի պատմության թանգարանը և Կապի թանգարանը:

Թողարկման օրը՝ 10 դեկտեմբերի 2013թ.

Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամ

Դիզայներներ՝ Տաթևիկ Եսայան, Վահագն Մկրտչյան

Տպաքանակը՝ 40 000 հատ

Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա

Նշենք, որ 1913 թվականին Երևանում շահագործման է հանձնվել 200 հեռախոսային համարների կարողությամբ առաջին հեռախոսակայանը, որից օգտվում էր 71 բաժանորդ: 1914 թվականին ստեղծվել են նաև Ալեքսանդրապոլ-Երևան և Ալեքսանդրապոլ-Կարս առաջին միջքաղաքային հեռախոսագծերը: Այդ համակարգը պահպանվել է մինչև 1920 թվականը:

Հայաստանի հեռախոսային կապը զարգացել է հատկապես հետպատերազմական տարիներին: 1948 թվականին շահագործման է հանձվել 6 հազար հեռախոսային համար ունեցող առաջին ավտոմատ հեռախոսային կայանը (ԱՀԿ):

Share