Բաժին. Սոցիալական

Ավարտվել է Orange Գրքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը

Ավարտվել է «Orange Գրքի մրցանակ 2013» ամենամյա գրքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը: Orange Գրքի մրցանակի համար ընդհանուր թվով ներկայացվել է 327 մասնակցության հայտ, որոնցից 152-ը` բանաստեղծության ժանրում, 121-ը` պատմվածքի, 27-ը` վեպ/վիպակ, և ևս 27-ը` հեքիաթի ժանրում:

Orange-ից տեղեկացնում են, որ նախորդ տարիների համեմատությամբ այս տարի փոքր-ինչ ավելի շատ են արևմտահայերեն ստեղծագործությունները: Նկատելիորեն մեծ է Հայաստանի մարզերում, հատկապես Լոռիում, Սյունիքում և Շիրակում բնակվող հեղինակների մասնակցությունը: Մասնակցության հայտեր են ներկայացվել նաև Ռուսաստանից, Անգլիայից, Ֆրանսիայից:

Այս պահից սկսվում է ժյուրիի անդամների ընթերցանության շրջանը, որի ավարտին յուրաքանչյուր ժանրում կընտրվեն առավելագույնը երեք լավագույն գործերը: Վերջիններս 2014թ. փետրվարի 21-ին կհրապարակվեն Orange-ի պաշտոնական կայքում: Այդ պահից բոլոր ընթերցողները հնարավորություն կունենան քվեարկելու իրենց նախընտրած ստեղծագործությունների օգտին Facebook սոցիալական ցանցի միջոցով: 2014թ. մարտի 21-ի կեսօրին կգրանցվի յուրաքանչյուր ստեղծագործության ստացած ձայների քանակը` որպես առցանց քվեարկության վերջնական արդյունք: 

Յուրաքանչյուր ժանրում հաղթող ստեղծագործությունը կընտրվի ժյուրիի քվեարկությամբ, ընդ որում առցանց քվեարկության արդյունքները հաշվվում են որպես ժյուրիի մեկ անդամի ձայն: Հատուկ «Ժողովրդական» մրցանակի  կարժանանա նաև ընթերցողների քվեարկության արդյունքում առավելագույն թվով ձայներ հավաքած ստեղծագործությունը` անկախ ժանրից:

Հաղթողների անունները կհրապարակվեն 2014թ. մարտի 28-ին՝ մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Մրցույթի հաղթողները կստանան վկայականներ, իսկ հաղթող ճանաչված ստեղծագործությունները կհրատարակվեն 500 տպաքանակով: Բոլոր ժանրերում հաղթող ստեղծագործությունների հեղինակներին  կշնորհվեն դրամական պարգևներ (300 000-ական դրամ), բացառությամբ «Ժողովրդական մրցանակի»:

Հիշեցնենք, որ Orange Գրքի մրցանակ 2011-ին մասնակցել է 130, իսկ Orange Գրքի մրցանակ 2012-ին՝ 470 ստեղծագործություն: Orange Գրքի մրցանակի շնորհիվ արդեն լույս է տեսել 9 գիրք:

Orange Գրքի մրցանակը կազմակերպվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

Share