Բաժին. Սոցիալական

Ամփոփվել են մայրաքաղաքի հինգ հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծերի մրցույթի արդյունքները

Ամփոփվել է Երևանի քաղաքապետարանի կողմից մի քանի ամիս առաջ հայտարարված՝  Երևանի Բրազիլիայի, Աշխատանքի, Սասունցի Դավթի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթը:

Մրցութային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է ներկայացված ութ նախագծային առաջարկները և սահմանել գնահատման  չափորոշիչները, ապա հանձնաժողովի անդամները, համաձայն չափորոշիչների, քվեարկությամբ կատարել են իրենց ընտրությունը: Ըստ այդմ, որոշվել է  ներկայացված մրցութային ութ  առաջարկները գնահատել ըստ մրցութային պայմաններին նախագծերի համապատասխանության, քաղաքաշինական իրադրության վերլուծության դիապազոնի, հայեցակարգի գաղափարախոսության, հատակագծային և ֆունկցիոնալ կազմակերպման, ճարտարապետական հորինվածքի միասնականության և պատմաճարտարապետական ժառանգության արժևորման:

Քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայացված աշխատանքներից և ոչ մեկը լիովին չի բավարարել մրցույթի պայմաններին և չափորոշիչներին, ուստի քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են 1-ին մրցանակ չշնորհել որևէ նախագծի:  

Աշխատանքները գնահատելիս  առաջնորդվելով համեմատության սկզբունքով՝ հանձնաժողովը քվեարկությամբ 2-րդ մրցանակի է արժանացրել ճարտարապետներ Լևոն Վարդանյանի և Միսաք Մխիթարյանի ներկայացրած՝Երևանի Ռուսաստանի հրապարակի հայեցակարգային նախագիծը, իսկ երրորդ մրցանակը տրվել է ճարտարապետներ Վարդան Փենեսյանին, Աստղիկ Սարգսյանին և Արթուր Հովասափյանին՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակի հայեցակարգային նախագծի համար:

Share