Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ. ջրամատակարարման ծրագիր Հայաստանի 4 գյուղում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ազդարարել են ջրամատակարարման ենթակառուցվածքի բարելավմանն ուղղված ծրագրի մեկնարկի մասին: Նախաձեռնության շնորհիվ Հայաստանի գյուղական չորս համայնքում` Արմավիրի մարզի Լուկաշին, Հայկավան, Արազապ և Տավուշի մարզի Բերքաբեր գյուղերում, էականորեն կբարելավվի խմելու ջրի հասանելիությունը: Ծրագիրը կիրականացվի 2014 թվականի մարտին ստորագրված եռակողմ համաձայնագրի շրջանակներում:

Ծրագրի մեկնարկը տրվել է Լուկաշին գյուղում: Մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Լուկաշինի գյուղապետ Կարեն Մկրտչյանը և համայնքի բնակիչները:

Ջրի ցածր ճնշումը, թերի մատակարարումը, անարդյունավետությունը և անվտանգության ոչ բավարար մակարդակը վերը նշված չորս համայքների առջև ծառացած լուրջ խնդիրներ են: Տներում ջրամատակարարում կա՛մ ընդհանրապես չի իրականացվում, կա՛մ տրվում է օրական 2-3 ժամ, ինչը բնակիչներին ստիպում է ջուր կրել մոտակա աղբյուրներից: Ջրի և էլեկտրաէներգիայի կորուստը սովորական են դարձել`անարդյունավետության, հնացած ենթակառուցվածքների և ջրաչափերի բացակայության պատճառով:

Ծրագրի արդյունքում այս խնդիրները լուծում կստանան՝ նոր խողովակաշարերի, պոմպակայանների և ջրամբարային կայանների տեղադրման միջոցով, ինչպես նաև ջրային համակարգերում ջրաչափերի տեղադրումով, ինչը կօգնի էականորեն բարձրացնել ջրի օգտագործման արդյունավետությունը: Համայքները ձեռք կբերեն եկամտի հավելյալ աղբյուր:

«Եկամտաբերության ցածր մակարդակ ունեցող գյուղերում ջրամատակարարման համակարգերի ստեղծումն ու բարելավումը կենսական նշանակություն ունեն կյանքի որակի բարելավման առումով: Ջրամատակարարման ենթակառուցվածքի առկայությունը համայնքների գոյության, պահպանման և երկարաժամկետ զարգացման էական նախապայման է: Համայնքներին ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունն ունի կարևոր նպատակ՝ ապահովել խմելու ջրի կայուն մատակարարումը, առանց որի ընդհանրապես անհնար է պատկերացնել կյանքի նվազագույն որակ, առողջ շրջակա միջավայր և տնտեսական զարգացում», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավորն տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Բոլորս գիտենք, որ Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրերը նվազում են, որի պատճառով մի շարք գյուղեր ջրի խնդիր ունեն: ԱՄՆ ՄԶԳ-ի նպատակն է վերակառուցել հին ու անարդյունավետ ջրամատակարարման համակարգերը` ջուրն ու էներգիան խնայելու և բնակիչներին մաքուր ջրով ապահովելու համար», – ասել է տիկին Հիլիարդը:

Ծրագրերն իրականացվելու են ԱՄՆ ՄԶԳ-ի «Մաքուր էներգիա և ջուր ծրագրի» և FPWC-ի կողմից: Ընդհանուր առմամբ` ծրագրի արդյունքներից կօգտվի վերը նշված չորս գյուղերի շուրջ 6,800 բնակիչ: Ծրագրերի շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 70 միլիոն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն 60 միլիոն դրամ:

Share