Բաժին. Սոցիալական

Կայացել է «Brain – Ring» տնտեսագիտական խաղ-մրցույթը

Այսօր «Էլիտ Պլազա» բիզնես համալիրում անցկացվել է ավագ դպրոցի տնտեսագիտություն առարկայի շրջանակում կազմակերպվող «Դպրոցականների ֆինանսա-տնտեսագիտական Brain-Ring» ամենամյա մրցույթի 2014 թ. եզրափակիչ փուլը։ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կրթական ծրագրերի շրջանակում անցկացվող «Դպրոցականների ֆինանսա-տնտեսագիտական Brain-Ring 2014» մրցույթի նպատակը աշակերտների տնտեսագիտական և ֆինանսական գիտելիքների և հմտությունների խորացմանը, արագ  և ճկուն մտածելու կարողությանը նպաստելն է։

Արդեն 5-րդ տարին է, ինչ «Դպրոցականների ֆինանսա-տնտեսագիտական Brain-Ring» մրցույթի եզրափակիչ փուլն անց է կացվում  ՀՀ կենտրոնական բանկի, «Հայաստանի պատանեկան նվաճումներ»  կազմակերպության և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) համատեղ նախաձեռնությամբ:

Մրցույթի նախնական փուլերն անցկացվել էին տարեսկզբին՝ Հայաստանի մարզերում,  որոնց մասնակցել էին Հասարակագիտություն առարկայի Տնտեսագիտություն բաժինն ուսումնասիրած 10-րդ դասարանի աշակերտները: Մրցույթի այդ փուլերին մասնակցել են շուրջ 500 աշակերտներ` ավելի քան 100 դպրոցներից: Յուրաքանչյուր մարզից եզրափակիչ փուլին մասնակցելու համար ընտրվել է 5 հոգանոց մեկ հաղթող թիմ:

Մարզերի հաղթող 11 թիմերը ապրիլի 30-ին մասնակցեցին հանրապետական կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերին, որոնց ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի կողմից թիմերին առաջադրվեցին տնտեսագիտական և ֆինանսական խնդիրներ, վարժություններ, ինչպես նաև տեսական հարցեր: Մրցակցող թիմերի պատասխանները գնահատելիս ժյուրիի կողմից կարևորվում էր ոչ միայն ճիշտ պատասխանը, այլ նաև նորարարական մտածողությունը և թիմային աշխատանքը:

Մրցույթի պատվավոր ժյուրիի կազմում էին ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Ֆինանսական համակարգի հաշտարարի և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ներկայացուցիչները:

Հաղթող թիմերը ճանաչվեցին՝

– 1-ին տեղ – Արարատի մարզի Տափերականի միջնակարգ դպրոցի թիմը

– 2-րդ տեղ – Գեղարքունիքի մարզի Ծովինարի միջնակարգ դպրոցի թիմը

– 3-րդ տեղ – Արմավիրի մարզի Էջմիածնի թիվ 5 դպրոցի թիմը

Հաղթող թիմերը պարգևատրվեցին ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից սահմանված հատուկ մրցանակներով և պատվոգրերով, իսկ մնացած թիմերին շնորհվեցին մասնակցության հավաստագրեր: Հա ուկ մրցանակներ  տրամադրվեցին նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Ֆինանսական համակարգի հաշտարարի, Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (SBFIC), ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կողմից:

Share