Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. աջակցություն Ուռուցքաբանության ազգային կենտրոնին

Այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել գերժամանակակից ուլտրաձայնային ախտորոշման սարք «Xario 200», որն, ի տարբերություն այլ ուլտրաձայնային ախտորոշման սարքերի, օժտված է անոթների դուպլեքս սկանավորման, սրտամկանի ուլտրաձայնային հետազոտությունների համար նախատեսված անհրաժեշտ փոխանցիչներով: Սարքավորումը ձեռք բերելու համար ընկերությունը հատկացրել է 25 000 000 ՀՀ դրամ:

«Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ մեր համագործակցության նպատակը կարևոր է. գերժամանակակից բուժսարքավորումներով իրականացվող հետազոտությունները մասնագետներին  թույլ կտան ավելի հստակ պատկերացնել խնդիրը և առավելագույս օգտակար լինել: Մարդկությունը դարի չարիք է համարում քաղցկեղը: Ամենամեծ չարիքը, սակայն, անտարբերությունն է: Ուզում եմ հավատալ, որ կգա ժամանակ, երբ մարդկությունը անբուժելի համարվող հիվանդությունների ցանկից դուրս կմղի նաև այս մեկը: Հոգատարությունը, հաջողելու ցանկությունը և համատեղ ջանքերը կօգնեն հասնել ցանկալի արդյունքի»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՈՒԱԿ-ում տարեկան բուժվում է ուռուցքային տարատեսակ հիվանդություն ունեցող ավելի քան 10 հազար հիվանդ: Հանդիսանալով ազգային կենտրոն, հիվանդանոցը սպասարկում է հանրապետության ամբողջ բնակչությանը: Տարվա կտրվածքով կենտրոնում կատարվում է մոտ 3200 վիրահատություն, շուրջ 4500 հիվանդ ստանում է հակաուռուցքային քիմիաթերապիա, իսկ շուրջ 1500 հիվանդ ստանում է ճառագայթային բուժում: Նոր ձեռքբերված սարքավորումների ներդրումը զգալիորեն կնպաստի չարորակ ուռուցքների վաղաժամ հայտնաբերմանն ու հիվանդների բուժման արդյունքների բարելավմանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2010 թվականից պատրաստակամ աջակցություն է ցուցաբերում ՈՒԱԿ-ին, ինչի արդյունքում կենտրոնը համալրվել է հիվանդության հայտնաբերման վերջին սերնդի սարքավորումներով: Կենտրոնը ախտորոշման գերժամանակակից սարքավորումներով համալրելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընդհանուր առմամբ հատկացրել է ավելի քան 115 000 000 ՀՀ դրամ:

Share