Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. ընտանիքի միջազգային օրն իրական տոն են դարձրել ևս մեկ ընտանիքի համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, կամավոր անդամագրված աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Ընտանիքների միջազգային օրը շինարարական աշխատանքներ են իրականացրել Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում: Համագործակցող կողմերը, սահմանամերձ գյուղում բնակվող Մուրադյանների կարիքավոր ընտանիքին օգնել են կառուցել իրենց տունը:

Մուրադյանների ընտանիքը  Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում բնակություն է հաստատել 64 տարի առաջ: Ընտանիքի հոր՝ Հակոբի ծնողները, 5 երեխաներին մեծացրել են  ժամանակին որպես մանկապարտեզ ծառայած և վերանորոգրման ենթակա շինության մեջ: Հետագայում, արդեն իրենց ընտանիքները կազմած  5 զավակները ևս, ստիպված են եղել ապրել նույն հարկի տակ: Առանձին բնակարան կառուցելու նրանց երազանքն անկատար է մնացել`1992թ.-ին երկրի քաղաքական և տնտեսական վիճակի վատթարացման պատճառով: 2005թ.-ից նրանք սկսել են նոր տան շինարարությունը, սակայն չեն կարողացել ավարտին հասցնել այն: Իր երազանքների տունն այդպես էլ կառուցված չտեսնելով`մեկ տարի առաջ սրտի կաթվածից մահացել է  Հակոբի հայրը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ, Մուրադյաններն այս տարի  կավարտեն իրենց  տան շինարարությունը:

Բնակարանային պատշաճ պայմաններ ստեղծելու նպատակով իրականացվող շինարարությունը  հիանալի հնարավորություն է` հասարակության մեջ ընտանիքի կարևոր դերն ընդգծելու համար: Հայաստանի սահմանամերձ գյուղերում ապրող ընտանիքներին աջակցության այս ծրագիրն ամուր երկիր ունենալու կարևոր խթան է:

«Մեր երկին ուժեղ է դժվարություններին դիմակայող, ամուր և կայացած ընտանիքներով: Այսօր դուք նաև սահմանապահ եք, դուք ձեր ուսերին կրում եք սահմանամերձ համայնքի բնակիչ լինելու դժվարին պատասխանատվությունը, և մենք ձեր կողքին ենք`ձեզ ավելի ամուր տեսնելու ակնկալիքով: Մենք հավատում ենք, որ ցանկացած խնդիր լուծելի է, երբ կա հույս, հավատ և դժվարությունը հաղթահարելու ձգտում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հանուն անապահով ընտանիքների բարօրության համատեղ կառուցելը երկու կազմակերպությունների համար էլ արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել. ավանդույթ, որն իրականում կենսական նշանակություն ունի: ՎիվաՍել ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող այս նոր ծրագիրն այդ կենսական նշանակությունը կրկնապատկում է, քանզի սա ներդրում է ոչ միայն համայնքների պահպանման և զարգացման գործում, այլ նաև ներդում, որը կնպաստի երկրի սահմանների ամրությանը», – նշել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ բնակարանաշինության ծրագրի հերթական փուլը մեկնարկել էր մեկ ամիս առաջ` Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» հայտարարել էին Տավուշի և Արմավիրի մարզերի սահմանամերձ գյուղերի անապահով 25 ընտանիքի օգնելու` նրանց կիսակառույց կամ անավարտ տները կառուցելու և վերանորոգելու մասին: 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1993թ.-ին հռչակված Ընտանիքների միջազգային օրը նշվում է ամեն տարի մայիսի 15-ին: Այն բարձրացնում է ընտանիքներին վերաբերող հարցերի իրազեկման և դրանց վրա  ազդեցություն թողնող սոցիալական, տնտեսական եւ ժողովրդագրական գործընթացներին առնչվող  գիտելիքների մակարդակը:

Share