Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» շարունակում են բնակարանաշինության ծրագիրը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավոր անդամագրված աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը սահմանամերձ Վազաշեն գյուղում հերթական տան համատեղ կառուցման նախաձեռնությամբ են հանդես եկել: Այս անգամ համագործակցող կողմերն օգնել են Բախչագուլյանների բազմանդամ ընտանիքին:

Ընտանիքի տատիկի՝ Ժենյա Բախչագուլյանի համար, իրադարձությունն իրականացված երազանք և հուսալի ապագայի երաշխիք է դարձել: Արցախյան ազատամարտի տարիներին ականի պայթյունը Ժենյա Բախչագուլյանից խլել է ամուսնու կյանքը, ավերել տունը.  պատերին մինչև  հիմա  դաջված են  պատերազմի հետքերը:

Հինգ երեխաներին միայնակ մեծացնելու և ընտանիքի հացի խնդիրը դժվարությամբ լուծելու հանգամանքը տանտիրուհուն զրկել է տունը վերակառուցելու երազանքից: Ժենյայի որդին՝ Ալբերտը, չորս տարի առաջ նախաձեռնել է տան վերանորոգման աշխատանքները, սակայն բացառապես գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ հաց վաստակող ընտանիքի համար դա լուրջ խնդիր է եղել, և աշխատանքները կատարվել են մասնակիորեն:  Անչափահաս երեք որդի ունեցող ընտանիքի համար տան շինարարությունը ավարտին հասցնելը անհաղթահարելի էր դարձել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ՝ Բախչագուլյանների ընտանիքն այսուհետև կապրի ամուր տանիքի տակ, իսկ Ժենյա տատիկը թոռների երջանկության ականատեսը կլինի:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագիրը թույլ է տալիս Հայաստանի սահմանամերձ գյուղերում ապրող անապահով ընտանիքների համար կառուցել և վերանորոգել տներ, ամրացնել մեր պետության սահմանները, նպաստել արտագաղթի կասեցմանը, բարելավել մարդկանց կենսակերպը: Հայրենիքը սկսվում է հայրենի տնից և շատ կարևոր է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրեն սեփական բարեկարգ ու հարմարավետ տանը»,-նշել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի»  նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է այն համոզմունքով, որ սահմանագծին կենդանի վահանի պես ապրող մեր հայրենակիցներն արժանի են մեծ ուշադրության: «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ համագործակցության շնորհիվ` տարեվերջին սահմանամերձ գուղերի 25 ընտանիք կվայելի հարմարավետ տանիքի տակ ապրելու երջանկությունը: Սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 55 մլն դրամի ներդրում, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» ստանձնել է իրականացնել այդ ծրագիրը: 

Share