Բաժին. Սոցիալական

Որոշ ճանապարհային խախտումների տուգանքների և տույժերի չափը կրճատվում է, իսկ տաքսու մեջ ծխելն ավելի թանկ կարժենա

Այսօր կայացած արտահերթ նիստում կառավարության հավանությանն է արժանացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը կազմել է ՀՀ վարչապետի 2014թ. մարտի 27-ի որոշմամբ ստեղծված ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտման համար նախատեսված տուգանքի չափերի վերանայման աշխատանքային խումբը:

Նախագծով վերանայվել են սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափերը՝ հիմնվելով վարչական իրավախախտումների հանրային վտանգավորության աստիճանի վրա: 1-20 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի՝ հազար դրամի չափով: 21-30 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում տուգանքը կկազմի 30 000 դրամ:

Նվազեցվում են նաև տուգանքների չվճարման տույժերի չափերը, նախկինում 30 օր չվճարելու դեպքում տուգանքի գումարը եռամպատկվում էր, իսկ 60 օր չվճարելու դեպքում` հնգապատկվում: Փոփոխություններից հետո առաջին դեպքում գումարը կաճի 25%-ով, իսկ երկրորդ դեպքում` 50:

5000 դրամով կիջեցվի և 15000 դրամ կդառնա հետիոտնային անցման գծանշումների վրա մեքենան կանցնեցնելու տուգանքը:

Միևնույն ժամանակ գործադիրն առաջարկում է որոշ դեպքերում բարձրացնել տուգանքները: Մեքենայում բջջայինով խոսելու համար տուգանքը 3 000-ից կհասվի 5 000-ի, իսկ տաքսիներում կամ երթուղային տրանսպորտում ծխելու համար տուգանքը կքառապետկվի և կհասնի 20 000 դրամի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ օրենքում առաջարկվող փոփոխություններն համակողմանիորեն քննարկվել են պատկան մարմիններում, երեկ դրանց վերաբերյալ կարծիք է հայտնել ՀՀ նախագահը: «Մեծ զիջում ենք անում, – հավելել է վարչապետը, – տուգանքների չափը նվազեցնում ենք 50 տոկոսով, նաև առաջարկում, որ նոր օրենքն ուժի մեջ մտնի ոչ թե ս.թ. սեպտեմբերի 1-ին, ինչպես ծրագրվում էր, այլ անմիջապես՝ օրենքն ընդունելու պահից»:

Share