Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. Երազանքի գիշեր կենդանաբանական այգում

Աշխարհի բազմաթիվ երկրների կենդանաբանական այգիներ տարվա մեջ մեկ օր հատուկ կարիքներով և առողջական խնդիրներով երեխաների են հրավիրում` ընդունելով նրանց որպես հատուկ կարևորության հյուրերի: «Երազանքի գիշեր կենդանաբանական այգում»` այսպես է  կոչվում համաշխարհային նախաձեռնությունը, որին միացել են Նիդերլանդների, Գերմանիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և տասնյակ այլ երկրների կենդանաբանական այգիները:

Այս տարի հունիսին Երևանի կենդանաբանական այգին նույնպես անցկացրեց «Երազանքի գիշեր» գունեղ միջոցառումը` հյուրընկալելով ավելի քան 60 երեխաների իրենց ընտանիքների հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անձնակազմը չէր կարող անմասն մնալ. հանգանակված ավելի քան մեկ միլիոն դրամի շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել երեխաներից 6-ի երազանքները:

Առողջական տարբեր խնդիրներով երեխաների օրն անմոռանալի դարձնելու համար այգում նախապատրաստվել էր թատերական, երաժշտական ու խաղային ծրագիր, հյուրասիրություն: Փոքրիկ հյուրերը հատուկ իրենց համար մշակված շրջայց կատարեցին կենդանաբանական այգում` անմիջականորեն շփվելով կենդանիների և դրանց խնամողների հետ:  

Միջոցառմանն ընդառաջ կազմակերպիչները պարզել էին հրավիրված յուրաքանչյուր երեխայի երազանքը կամ կարիքը: «Երազանքի գիշերվան» նախորդած շուրջ մեկ ամսվա ընթացքում ընդարձակ քարոզարշավ անցկացվեց, որի ընթացքում բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ  դարձան մեկ կամ մի քանի երեխայի երազանքների իրականացման հովանավորներ: Հունիսի 28-ին՝ օրվա վերջում երեխաներին հանձնվեցին «Երազանքի իրականացման հավաստագրեր» և նվեր-փաթեթներ: «Երազանքի իրականացման հավաստագրերը» փոքրիկներին խոստացան, որ իրենց երազանքները կիրականացվեն մինչև ընթացիկ տարվա վերջ:

«Երազանքի գիշեր Երևանի կենդանաբանական այգում» նախաձեռնությունն իրականացրեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը:

Share