Բաժին. Սոցիալական

Orange Հիմնադրամը շարունակում է գյուղատնտեսության խթանման և զարգացման ծրագրեր իրականացնել Տավուշի մարզում

Oգոստոսի վերջին շահագործման կհանձնվի Տավուշի մարզի Այրում գյուղի պահածոների նորաստեղծ գործարանը: Վերաստեղծված այս գործարանը, որը հագեցվել է համապատասխան սարքավորումներով G2iA կազմակերպության ջանքերով և Orange Հիմնադրամի ու Ֆրանսիայի Ռոն-Ալպ տարածաշրջանի աջակցությամբ, կստեղծի աշխատատեեր և եկամտի կայուն աղբյուր Այրումի ու հարևան գյուղերի բնակիչների համար: Տեղական և միջազգային շուկա մուտք գործելու նպատակով ծրագրի առաջին փուլով նախատեսվում է արտադրել շուրջ 20 000 պահածո: Ծրագիրն իրականացվում է նաև Oxfam Հիմնադրամի աջակցությամբ:

Orange Հիմնադրամի և G2iA-ի ներկայացուցիչներն այցելեցին պահածոների արտադրամաս՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին:

«Orange Հիմանդրամը մեծապես կարևորում է  գյուղական համայնքներում տնտեսական գործունեության և սոցիալական  ենթակառուցվածքների զարգացումը: Մասնավորապես, Տավուշի և Արագածոտնի մարզերում մենք աջակցել ենք գյուղատնտեսական երեք կարևոր ծրագրերի իրականացմանը՝ այսպիսով խթանելով տեղական արտադրությունը և տնտեսական զարգացումը: Շատ ուրախ ենք հատկապես այս ծրագրին աջակցելու համար, քանի որ վերջինիս շնորհիվ ոչ միայն կստեղծվեն 50-60 աշխատատեղեր, որոնք անհրաժեշտ են արտադրամասի բնականոն աշխատանքն ապահովելու համար, այլև Այրումի և հարևան գյուղերի բնակիչները  հնարավորություն կունենան արտադրամասին հատապտուղներ և մրգեր մատակարարելու միջոցով ավելացնել մուրաբաների արտադրությունը: Հայկական մրգերի որակը հայտնի է և կարծում ենք, որ պահածոյացման նորաստեղծ այս գործարանը  սեղմ ժամկետներում կավելացնի իր արտադրության ծավալներն ու վաճառքը՝ թերևս ոչ միայն հայկական շուկայում՝  ՝ ապահովելով Այրումի և սահմանամերձ գյուղերի ֆինանսական կայունությունը», – ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Նշենք, որ 2013թ. Orange Հիմնադրամի և «Շեն» բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով Բերդավան գյուղում մեկնարկեց դեղձի ավանդական արտադրության աջակցման ծրագիրը, իսկ 2014թ.-ին Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում ՝ կաթի հավաքագրման և վաճառքի օպտիմիզացմանն ուղղված մի լայնամասշտաբ ծրագիր: Orange Հիմնադրամի կողմից մեկ այլ նախագիծ է իրականացվել նաև Տավուշի մարզի Վազաշեն գյուղում՝ նպատակ ունենալով խթանել տեղական մեղրի արտադրությունը:

Share