Բաժին. Սոցիալական

Վիվասել ՄՏՍ. «Բիզնես-առաջադրանք»՝ մրցույթ պատանիների համար

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամենամյա 22-րդ ամառային ճամբարում հանրապետության մարզերից և Երևանից ավելի քան 110 աշակերտներ մասնակցեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկված «Բիզնես-առաջադրանք» մրցույթին: Մրցույթը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ ձեռնարկի նպատակն էր ստեղծել երկխոսություն բիզնեսի և կրթության միջև` խրախուսելով ավագ դպրոցի աշակերտներին զարգացնելու ձեռնարկատիրական հմտություններ և նորարարական մտածելակերպ: Այն ճամբարականներին հնարավորություն ընձեռեց վերոհիշյալ ծրագրից ստացած գիտելիքները կիրառել գործնականում և բիզնես տեսանկյունից նորարարական լուծումներ և մոտեցումներ առաջարկել:

«Ուրախալի է տեսնել սովորելու և կատարելագործվելու ձգտում ունեցող, հետաքրքրասեր երիտասարդների, որոնց մենք պատրաստակամ ենք ներկայացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողության գաղտնիքները, կիսվել տարիների ընթացքում կուտակած փորձով, պատրաստ ենք աջակցել գիտելիքներ ձեռք բերելու հարցում, ինչը տարիներ շարունակ անում ենք Հայաստանի կրթական հաստատությունների հետ համատեղ իրականացվող բազմաթիվ ծրագրերի միջոցով: Այս երիտասարդներից շատերը ապագայում կաշխատեն բիզնես-միջավայրում, և շատ կարևոր է հենց այս տարիքից նրանց մեջ սերմանել կառավարման ճիշտ սկզբունքներ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մրցույթի սկզբում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչ-կամավորները ճամբարականներին ներկայացրել էին հետևյալ բիզնես-առաջադրանքը` փոփոխություններ կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ԵՍ» սակագնային պլանի պայմանների մեջ` այն առավել հարմարեցնելով երիտասարդների պահանջներին: Վերջիններս սահմանված ժամանակահատվածում պետք է առաջարկեին լուծումներ և ներկայացնեին դրանք պատվավոր ժյուրիին, որի կազմում էին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մրցույթում հաղթող ճանաչված թիմի 11 անդամները ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգևատրվեցին Huawei Ascend Y330 սմարթֆոններով:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և նպատակ ունի Հայաստանի ավելի քան 300 դպրցների ավելի քան 4500 աշակերտների տնտեսագիտական և ձեռնարկատիրկական գիտելիքներ հաղորդել: Այն աշակերտներին ծանոթացնում է նաև բիզնես էթիկայի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներին և հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները փորձարկել գործնականում: Ծրագիրը միաժամանակ խրախուսում է աշակերտներին դառնալ ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքներում և հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին:

Share