Բաժին. Սոցիալական

Ներկայացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BirthLink» ՀԿ-ի՝ Հայաստանում նեոնատալ խնամքի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրի զեկույցը

Համատեղ մամլո ասուլիսի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «BirthLink» ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորը ներկայացրել են առողջական խնդիրներ ունեցող, վաղաժամ ծնված երեխաների խնամքի բարելավմանը և Հայաստանում նորածնային մահացության ցուցանիշի կրճատմանն ուղղված համագործակցության զեկույցը:

Ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին՝ անցյալ տարիների ընթացքում ընդգրկելով տասնմեկ նորածնային բաժանմունք Երևանում և քսաներեք բաժանմունք Հայաստանի յոթ մարզերում:  Ծրագիրը կշարունակվի նաև 2014թ.-ին՝ ներառելով Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Արագածի և Սյունիքի մարզերի ինը բուժհաստատություն: 2008թ.-ից մինչև 2014 թ.-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծրագրի իրագործման համար տրամադրել է շուրջ 535 միլիոն դրամ:

««BirthLink» ՀԿ-ի հետ համագործակցությունը երկարաժամկետ այն ծրագրերից է, որի արդյունքը տեսնելու համար տարիներ են պահանջվում: Ներդրումների շոշափելի արդյունքը հնարավոր է տեսնել միայն համբերատար և հաստատակամ լինելու դեպքում: Երբ տեսնում ես որոշակի առաջընթաց, ևս մեկ անգամ համոզվում ես, որ անլուծելի խնդիրներ չկան և չպետք է հանձնվել: Նորածնային մահացությունը լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում. բացառություն չէ նաև Հայաստանը: Անհնար է անտարբեր մնալ՝ գիտակցելով, որ կարելի է փրկել բազմաթիվ երեխաների, որոնք մահանում են անհրաժեշտ սարքավորումների բացակայության կամ մասնագիտացված բուժօգնության անհասանելիության պատճառով: «BirthLink»-ի հետ ձեռք ձեռքի՝ մենք որոշեցինք պայքարել Հայաստանում ծնվող յուրաքանչյուր երեխայի կյանքի համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «BirthLink» ՀԿ-ը ծրագրի մեկնարկի մասին ազդարարեցին 2009թ.-ի սեպտեմբերին՝ Երևանի պետական բժշկական համալսարանում կայացած գիտաժողովի ժամանակ: Ծրագրի նպատակն է Հայաստանում նորածնային մահացությանը կրճատումը՝ ժամանակակից և նոր բուժսարքավորման ապահովման, նորածնային բաժանմունքերի վերասարքավորման և բուժանձնակազմի վերապատրաստման միջոցով:

2008թ.-ին՝ մինչև ծրագրի մեկնարկը, չկային ժամանակակից սարքավորումներ առողջական խնդիրներ ունեցող նորածինների խնամքի և պատշաճ բուժօգնության ցուցաբերման համար: Նորածնային բաժանմունքերի մեծամասնությունը, հատկապես մարզային հիվանդանոցներում, վերասարքավորված չէին և չունեին անհրաժեշտ սարքավորումներ: Առողջական խնդիրներ ունեցող և վաղաժամ ծնված երեխաների խնամքով զբաղվող բուժքույրերը չունեին համապատասխան մասնագիտական վերապատրաստում, քիչ էին արհեստավարժ նեոնատոլոգները: Երեխաների ավելի քան 50 տոկոսը ծնվում էր Երևանում: Չկարողանալով պատշաճ բուժօգնություն ապահովել առողջական խնդիրներ ունեցող նորածինների համար՝ մասնագետները ստիպված էին լինում մարզերից տեղափոխել Երևանի բուժկենտրոններ: Սակայն, ժամանակի կորստի պատճառով հաճախ չէր հաջողվում փրկել երեխայի կյանքը կամ կանխել հիվանդության բարդացումը:

Նորածնային մահացության հիմնական պատճառներից են վաղահաս ծնունդը, վարակը կամ թթվածնային քաղցը: Պատշաճ բուժօգնությունը հնարավորություն կտա կրճատելու մահացությունը: Իրագործվող ծրագրի շնորհիվ բուժկենտրոնները և նորածնային բաժանմունքերն ապահովվել են առողջական խնդիրներ ունեցող կամ վաղաժամ ծնված երեխաների խնամքի սարքավորումներով, այդ թվում՝ տաքացուցիչ, երակային ներարկման պոմպ, ռեսպիրատոր թերապիայի համակարգ, թթվածնային սարք:

Ձեռք բերված բուժսարքավորումները հնարավորություն են տալիս անհրաժեշտ և պատշաճ օգնություն ցույց տալ երեխայի ծնունդին հաջորդող քսանչորս ժամվա ընթացքում: Առաջին քսանչորս ժամվա ընթացքում ցուցաբերած բուժօգնությունը չափազանց կարևոր է հետագա բարդությունների կանխման համար՝ նախքան նեղ մասնագիտական օգնություն տրամադրելու նպատակով երեխային Երևան տեղափոխելը:

Մարզեր, որոնք ընդգրկվել են 2008-2013 թթ.-ի ծրագրում.
ԵՐԵՎԱՆ – տասնմեկ նորածնային բաժանմունք
ՍՅՈՒՆԻՔ – Կապան, Գորիս, Սիսիան
ՎԱՅՈՑ ՁՈՐ – Վայք
ԱՐԱՐԱՏ – Վեդի, Արտաշատ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ – Վարդենիս, Գավառ, Մարտունի, Սևան, Ճամբարակ
ՏԱՎՈՒՇ – Իջևան, Բերդ, Նոյեմբերյան, Դիլիջան
ԼՈՌԻ – Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ
ՇԻՐԱԿ – Արթիկ ,Մարալիկ, Գյումրի (2 հիվանդանոց)

Մարզեր, որոնք ընգրկվել են 2014թ.-ի ծրագրում.
ԱՐՄԱՎԻՐ
ԱՐԱՐԱՏ
ԿՈՏԱՅՔ
ԱՐԱԳԱԾ
ՍՅՈՒՆԻՔ

Share