Բաժին. Սոցիալական

Beeline. բիզնես-դասընթաց և էքսկուրսիա Կապի Թանգարան DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մասնակիցների համար

DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մասնակիցներն այսօր այցելեցին Beeline Կապի թանգարան և Beeline համալսարան: Ընկերությունը երիտասարդ ձեռներեցների համար կազմակերպեց բիզնես-դասընթաց «Աշխատանք  մեծ ընկերությունում Beeline-ի օրինակով» թեմայով: Ամառային ճամբարի մասնակիցները Beeline Կապի թանգարանում ծանոթացան Հայաստանում կապի զարգացման պատմությանը, մեր երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաներին,  ինչպես նաև հայ կապավորների կյանքի հետաքրքիր էջերին:

«Հարգելի հյուրեր, ուրախ եմ ձեզ ողջունել Beeline կորպորատիվ համալսարանում: Այսօր դուք հիանալի հնարավորություն ունեք գործնականում ծանոթանալ մեծ ընկերությունում աշխատանքի առանձնահատկություններին, որոնց մասին դուք, երևի թե, միայն լսել եք կամ կարդացել: Հնարավոր է ձեր շարքերում են մեր ապագա աշխատակիցներն ու բիզնեսի գործընկերները: Գիտակցելով ձեր մասնագիտական զարգացմանը նպաստելու նման բացառիկ հնարավորությունը` մեր ընկերությունը հատուկ կարևորություն է տալիս այսօրվա միջոցառմանը: Վստահ եմ, որ այսօր ձեռք բերած հմտությունները կհանդիսանան Beeline–ի ևս մեկ ներդրում ձեր հետագա մասնագիտական կարիերայի ընթացքում» – նշեց ՄՌ կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը:

«Այսօր ինձ համար ամենահետաքրքիր և օգտակար օրերից մեկն էր իմ մասնագիտական զարգացման տեսանկյունից: Այսօր ես բացահայտեցի մեծ ընկերությունում աշխատանքի ու բիզնեսի կազմակերպման, ինչպես նաև մեր երկրում կապի զարգացման մասին շատ նոր բաներ: Ես անգամ սկսեցի ավելի շատ հպարտանալ իմ հայրենիքով, ինչի համար շնորհակալ եմ Beeline-ին» – նշեց ճամբարի մասնակից Ասյա Սարիբեկյանը։

Հիշեցնենք, որ Beeline-ը հանդիսանում է ամենամյա DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մշտական գլխավոր գործընկերը: Ճամբարի հիմնական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող երիտասարդներին համախմբելը, մոտիվացիոն և կրթական միջավայր ստեղծելը, ճամբարի երիտասարդ մասնակիցներին ոգեշնչելը` ստեղծելու սեփական բիզնես և իրագործելու սեփական ծրագրերը։

Նշենք, որ Beeline Կապի թանգարանը բաց է իր այցելուների համար ամեն երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-16:00: Մուտքն ազատ է: Ամեն ուրբաթ` ժամը 10:00-12:00 և 12:00-14:00 թանգարանում կազմակերպվում են էքսկուրսիաներ էքսկուրսավարների ուղեկցությամբ: Էքսկուրսիաներին մասնակցելու համար պետք է  մոտենալ Կապի թանգարան Ազատության 241  հասցեյով: Թանգարանի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև կոլեկտիվ էքսկուրսիաներ կազմակերպելու համար կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին. org@beeline.am։

Share