Բաժին. Սոցիալական

Երեք ընտանիքի իրականացած երազանք` ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» hամագործակցության շնորհիվ

Տարեսկզբին մեկնարկած ՎիվաՍել-ՄՏՍ և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» համագործակցության ամենալավ գնահատականը ընտանիքների երջանկությունն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմն այցելել են Երվանդաշատ ՝ կիսելու գյուղի 3 ընտանիքի երկար սպասված երջանկությունը:

Սահմանամերձ Երվանդաշատ գյուղում ևս 3 ընտանիք այս աշունը դիմավորում է ուրախ ու հպարտ՝ առանց մտահոգվելու, թե անձրևներից տանիքը նորից կկաթի և կամ տաք ջրի համար անհրաժեշտ կլինի օջախ վառել:  Անցյալում է մնացել խոնավ պատերի, խունացած առաստաղի ու ամեն անգամ քամուց սուլող պատուհանների տխուր հիշողությունը:

«Դեռ մի քանի ամիս առաջ հույս անգամ չկար, որ այս ամառն այսքան արդյունավետ կլինի և կկատարվի իմ, ընտանիքիս ու նաև շատ համագյուղացիներիս նվիրական երազանքը: Ես անչափ շնորհակալ եմ այս ծրագրին, որն օգնում է կառուցել ոչ միայն տուն, այլև` կյանք, ոչ միայն պատեր, այլև` հույս, ոչ միայն տանիք, այլև` հավատ ապագայի նկատմամբ»,-ասել է Վարուժան Ավետիսյանը, ում ընտանիքը երկար տարիներ ապրել է ծնողների ու եղբոր բազմանդամ ընտանիքի հետ՝ առանց կենցաղային տարրական հարմարությունների:

Հինգ ամսվա ընթացքում Երվանդաշատ գյուղում այս ծրագրի շրջանակներում վերանորոգվել է վեց և կառուցվել երկու կիսակառույց տուն:

«Բնակարանամուտը ընտանեկան կյանքում խորհրդանշում է նոր սկիզբ՝ վերածնված հույսեր, նոր ձգտումներ, նոր ծրագրեր, որոնք հյուսված են սիրով ու սիրո թելերով՝ անցյալում թողնելով անհաջողությունները և հիասթափությունները: Սա հատկապես կարևոր է դառնում, երբ վերաբերում է սահմանամերձ շրջաններին: Սահմանագծին ապրող մեր հայրենակիցներին նոր հույս ներշնչելով՝ մենք նրանց ուժ ու կորով ենք հաղորդում և դրանով վերահաստատում մեր առաքելությունը և բարձրաձայնում մեր ազգային նպատակը. մեր հայրերն ապրել են այս երկրում, մենք ապրում ենք այս երկրում, իսկ հետագայում՝ նաև մեր երեխաներն են ապրելու այս երկրում՝ մեր նախնիների հայրենի տուն Հայաստանում: Այստեղ դրված յուրաքանչյուր քար մեր հոգիներին և մեր միասնական ազգային ոգուն զորություն է պարգևում: Մենք ընդմիշտ ամուր ենք մնալու այս սրբազան հողի վրա: Մենք պարտավոր ենք դա անել և սա մեր ուղերձն է  յուրաքանչյուրին՝ այս երկրում և դրա սահմաններից դուրս»-, նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:«Մեր համագործակցությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ շատ բեղմնավոր է, ու ահա մենք տեսնում ենք արդյունքները: Մինչև տարեվերջ Հայաստանի սահմանամերձ 4 գյուղում 25 ընտանիք կապրի հարմարավետ տներում: Այս ծրագիրը սահմանին ապրող մեր հայրենակիցներին օգնում է զգալ, որ մենակ չեն կանգնած առաջին գծում, որ սեփական տանը նույնիսկ պատերն են օգնում ու լավ է, եթե այդ պատերն ամուր են»,- ասել է «Հայաստանի Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 55 մլն դրամի ներդրում, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» ստանձնել է այդ ծրագիրն իրականացնելու գործը:

Share