Categories: Սոցիալական

Forbes. ովքեր են բարեգործությանը ամենաշատ միջոցներ հատկացնող ամերիկացի միլիարդատերերը

Microsoft  ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը գլխավորել է Forbes-ի՝ ամենաառատաձեռն ամերիկացի միլիարդատերերի վարկանիշը: Անցյալ տարվա արդյունքներով՝ Գեյթսը բարեգործության համար հատկացրել է 2.65 մլրդ դոլար, որի մեծ մասը տրամադրվել է մալարիայի, պոլիոմելիտի և վտանգավոր այլ հիվանդությունների դեմ պայքարին: Forbes-ի տվյալներով՝ Գեյթսը, ում կարողությունն այսօր գնահատվում է 81.2 մլրդ դոլար, 21 տարի շարունակ համարվում է ԱՄՆ ամենահարուստ մարդը (այս տարվա մարտին ճանաչվել է նաև մոլորակի ամենահարուստ մարդը): Իր կյանքի ընթացքում Microsoft-ի «հայրը» բարեգործական տարբեր նպատակներով ծախսել է ավելի քան 30 մլրդ դոլար, ինչը կազմում է Գեյթսի ներկա կարողության գրեթե 40%-ը:

Վարկանիշի 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է ներդրող Ուորեն Բաֆեթը, ով 2013-ին բարեգործական նպատակներով ծախսել է փոքր-ինչ պակաս գումար, քան Գեյթսը ( 2,63 մլրդ դոլար): 

Ըստ Forbes-ի վարկանիշի՝ 3-րդ ամենառատաձեռն միլիարդատերը ամերիկյան Estee Lauder կոսմետիկ կայսրության ժառանգորդ Լեոնարդ Լաուդերն է, ով անցյալ տարի Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին է նվիրաբերել 1,1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ 78 կտավ և քանդակ (կուբիստական ուղղվածության):

Վարկանիշի 4-րդ տեղում Facebook  սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է: 2013-ին Սիլիկոնային հովտի հիմնադրամներից մեկին Ցուկերբերգը փոխանցել է 991 մլն դոլար՝ սոցցանցի բաժնետոմսերի տեսքով: Այդ միջոցները հիմնականում հատկացվել են կրթական տարբեր ծրագրերին:

Ամենառատաձեռն ամերիկացի միլիարդատերերի հնգյակը եզրափակում է ֆինանսիստ Ջորջ Սորոսը (734 մլն դոլար), ով իր միջոցների մեծ մասը հատկացնում է իրավաշտպան կազմակերպություններին:

Share