Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. «Ռոբոտներն առօրյայում» փառատոն

Հոկտեմբերի 3-5-ը «ԴիջիԹեք» 2014 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսում կայացել է «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը, որին մասնակցել են դպրոցներում ստեղծված ինժեներական խմբակների սաներ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ 2012-ից դպրոցներում բացվել են ռոբոտաշինության խմբակներ, որոնց տրամադրվել են հատուկ այդ նպատակով նախագծված ռոբոտ-կոնստրուկտորներ։ Ռոբոտ-կոնստրուկտորի ստեղծման և, ընդհանրապես, Հայաստանում ռոբոտատեխնիկայի զարգացման և աջակցման ծրագրի կյանքի կոչման նպատակով` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է ավելի քան 73 մլն դրամ։

Ռոբոտատեխնիկայի խմբակներն արդեն գործում են թվով 60 դպրոցում: Դրանցից 50-ը ստեղծվել են մարզերում: «Ռոբոտներն առօրյայում» փառատոնի ընթացքում ցուցադրվել են ինժեներական խմբակների սաների պատրաստած`տարբեր առաջադրանքներ կատարող ռոբոտները։ Այս տարի, ի թիվս այլ միջոցառումների, անցկացվել է նաև էկոռոբոտների մրցույթ, որի նպատակը բնապահպանական քարոզչությունն է և թափոնների վերամշակման խնդրի վրա հանրային ուշադրությունը սևեռելը։ Ցուցահանդեսում ցուցադրվել են նաև անօդաչու թռչող սարքեր։

«Ռոբոտներն առօրյայում» փառատոնն իր երիտասարդ այցելուներին օգնում է մասնագիտական կողմնորոշման հարցում։ Ինչպես այս փառատոնը, ռոբոտաշինության բազմաթիվ այլ մրցույթներ ևս կյանքի են կոչվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ։ Կրթական ծրագրերին նոր որակ հաղորդելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձգտումն արդարացված է և շոշափելի արդյունք ունի. ԻՏՁՄ ուսումնասիրությունների արդյունքներով՝ ռոբոտաշինության խմբակները զգալիորեն նպաստում են ռոբոտատեխնիկայով զբաղվող աշակերտների առաջադիմությանը։ Դպրոցական տարիքում ստացած գիտելիքները հատկապես մնայուն են:

«Ռոբոտաշինությունը մեր երկրի մրցունակության ամրապնդման հիմնական ուղղություններից մեկն է: Հայաստանն ունի մտավոր հսկայական ներուժ, որն անհրաժեշտ է օգտագործել երկրի հեռանկարային զարգացման գործում: Այս փառատոնը ռոբոտաշինությամբ հետաքրքրված սովորողների շրջանում խթանում է բացահայտելու և նորը ստեղծելու ձգտումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս փառատոնի իրականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 25 մլն դրամ:

Share