Բաժին. Սոցիալական

Beeline. Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Beeline-ի հովանավորությամբ մեկնարկում են երկու նոր կրթական ծրագրեր

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում են երկու նոր կրթական ծրագրերի մեկնարկի մասին: 

Առաջին ծրագիրը հիմնված է «Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցադրության վրա, որի շրջանակներում նախատեսվում է շրջայց ցուցասրահում, վավերագրական ֆիլմի դիտում Քոչարի կյանքի և գործունեության մասին և ստեղծագործական միջոցառումներ: Երկրորդ ծրագիրն անց է կացվում «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 2՝ Ռուբեն Անգալադյան. նամակներ ափսեի մեջ» ցուցադրության շրջանակներում և ներառում է ծանոթություն ներկայացված նմուշներին, ափսեների ստեղծման պատմության մասին տեսանյութի դիտում և ստեղծագործական միջոցառումներ: Ծրագրերը նախատեսված են ընտանեկան և դպրոցական այցերի համար:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ նոր ծրագրերը հնարավորություն կտան երեխաներին ու նրանց ծնողներին հաղորդակցվել արվեստի պատմությանը և նոր բացահայտումների միջոցով հարստացնել իրենց գիտելիքները: Ուրախ ենք, որ կենտրոնի հետ Beeline-ի համագործակցությունը թևակոխում է նոր փուլ և նոր հեռանկարներ բացում ընկերության սոցիալական քաղաքականության իրագործման համար` դարձնելով մարդկանց կյանքն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնն ուրախությամբ հայտարարում է երկու նոր կրթական ծրագրերի մեկնարկի մասին, որոնք նախատեսված են դպրոցական և ընտանեկան այցերի համար և իրականացվում են Beeline ընկերության հետ ունեցած համագործակցության շրջանակներում։ Համոզված ենք, որ ինչպես կենտրոնի նախորդ կրթական նախաձեռնությունները, այս ծրագրերը նույնպես կդառնան նոր բացահայտումների առիթ մասնակիցների համար և նորովի կխթանեն երեխաների երևակայությունը և ստեղծագործական մտածողությունը», – ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային ծրագրերի գծով փոխտնօրեն Աստղիկ Մարաբյանը։ 

Ծրագրերին մասնակցությունն անվճար է։  Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ նախնական գրանցվելու համար կարող եք զանգահարել +37410 54 19 32/34 հեռախոսահամարով: 

Նշենք, որ Beeline-ը և Գաֆեսճէան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011 թ.-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

Share