Բաժին. Սոցիալական

Աշխարհում զբոսաշրջիկների թիվն աճում է

ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության (UNWTO) հրապարակած զեկույցի տվյալներով, չնայած աշխարհաքաղաքական ռիսկերին, տնտեսական թույլ աճին և Էբոլա տենդի բռնկումներին, անդրազգային զբոսաշրջիկների թիվն աշխարհում շարունակում է աճել:

2014թ. առաջին 8 ամիսներին անդրազգային զբոսաշրջիկների թիվը հասել է 781 միլիոնի, ինչը 36 միլիոնով կամ 5%-ով ավելի է, քան քան նախորդ տարվա ցուցանիշը: Ի դեպ, մեծամասնությունը ճանապարհորդել է հատկապես ամռան ամիսներին:

Չնայած Էբոլայի համաճարակին, մարդիկ շարունակում են այցելել աֆրիկյան պետություններ, սակայն այս առումով` առաջատար են եվրոպական երկրները (+4%): Ընդ որում` հունվար-օգոստոս ամիսներին զբոսաշրջիկների թվի էական աճ նկատվել է ամերիկյան աշխարհամասում (+8%), որին հետևում է Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը (+5%): Ենթատարածաշրջանների թվում առաջատար են Հյուսիսային Ամերիկան (+9%) և Հարավային Ասիան (+8%), այնուհետև` Հյուսիս-արևելյան Ասիան և Հարավային Ամերիկան, ինչպես նաև Հյուսիսային Եվրոպան և Միջերկրածովյան շրջանը (+7%):

Աֆրիկայում այս տարվա առաջին 8 ամիսներին անդրազգային զբոսաշրջիկների թիվն աճել է 3%-ով, այդ թվում` Հյուսիսային Աֆրիկայում նկատվել է 4% աճ:

UNWTO-ի կանխատեսումներով` ընթացիկ տարում միջազգային զբոսաշրջիկների թիվն աշխարհում կավելանա 4-4,5%-ով:

Share