Բաժին. Սոցիալական

"Հայաստան" հիմնադրամի հեռուստամարաթոնին հավաքվել է 12 399 550 ԱՄՆ դոլար

“Հայաստան” հիմնադրամի հեռուստամարաթոն 2014-ն արձանագրել է 12 399 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հավաքագրված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում և Արցախում:

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 19-ից 23-ը Ֆրանսիայում տեղի է ունեցել Հիմնադրամի 15-րդ համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որն արձանագրել է ավելի քան 1.37 միլիոն եվրո նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: 

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ կազմակերպվող դրամահավաքին Փարիզից մասնակցել են նաեւ Գերմանիայի, Շվեյցարիայի տեղական մարմինները, իսկ Հունաստանի տեղական մարմինը մարաթոնին միացել է նոյեմբերի 22-ից 23-ը Աթենքում անցկացված դրամահավաքով: Միջոցառմանն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել նաեւ Բելգիայի հայ համայնքը: 

Միջոցառումն այս տարի անցկացվել է ` “Տաղանդ, հմայք եւ առատաձեռնություն” խորագրի ներքո: Ֆրանսիայի Փարիզ, Մարսել, Տուլուզ եւ Լիոն քաղաքներում տեղակայված կայաններից ավելի քան 750 կամավոր զանգահարել է մասնակից երկրների շուրջ 60000 հայ ընտանիքների ու կազմակերպությունների եւ հորդորել համայնքին ու բարի կամքի տեր մարդկանց մասնակցելու հայրենիքի շենացմանն ուղղված ձեռնարկներին: Նման ուղերձով հանրությանը դիմել են նաեւ միջոցառման կնքահայրն ու կնքամայրը` ֆրանսահայ հանրաճանաչ երգիչ Պատրիկ Ֆիորին եւ հայտնի հեռուստահաղորդավարուհի, մոդել, Ֆրանսիայի Կարմիր Խաչի դեսպան Ադրիանա Կարեմբոն: 

Նվիրաբերված գումարներն այս տարի կուղղվեն Տավուշի մարզի գյուղատնտեսական տնտեսությունների զարգացմանն ու ընդլայնմանը, Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը եւ սիրիահայերի աջակցությանը:

Նվիրատվության խոստումներն ըստ երկրների` Ֆրանսիա 1.246.344 եվրո, Գերմանիա 71.345 եվրո, Շվեյցարիա 31.726 եվրո, Հունաստան 21.000 եվրո և Բելգիա 6.000 եվրո:

Share