Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. Արմավիրի մարզում բացվել է Ստեղծագործարան

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի համագործակցությամբ բացվել է Հայաստանում տեխնոլոգիապես հագեցված 4-րդ կրթասրահը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համատեղ իրականացված հերթական ծրագրի արդյունքում բացվել է Հայաստանում 4-րդ ստեղծագործարանը` տեխնոլոգիաների արդի պահանջներին համապատասխանող կրթասրահը: Արմավիրի մարզի Հացիկ համայնքի երիտասարդների համար ստեղծվել են բոլոր պայմանները՝ էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով և շարժական հատուկ կահույքով հագեցված ուսումնական սենյակի ծառայություններից օգտվելու համար:

Մինչև օրս ստեղծագործարանների կառուցման ու գործարկման ծրագրի շահառուներ են դարձել Արմավիրի մարզի Սարդարապատ և Վանանդ, ինչպես նաև Արագածոտնի մարզի Արտենի համայնքի երեխաները: Դիտարկելով կրթությունը որպես երիտասարդների կարողությունների հզորացման շարժիչ ուժ՝ COAF-ը գյուղական դպրոցներում ապահովում է բարեկարգ ենթակառուցվածքներ ու բարելավված միջավայր՝ աշակերտներին օգնելով հասնել իրենց ներուժի զարգացմանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ այս նախաձեռնություններն իրականացվում են որակապես նոր մակարդակով և համապատասխանում գերազանցության չափանիշներին՝ կրթական հաստատությունները համալրելով տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաներով:

Նորաբաց կրթասրահում տիրող միջավայրը խթանում է երեխաների շրջանում ստեղծագործականության հմտությունների ձևավորումն ու զարգացումը, թույլ տալիս իրականացնել բազմանպատակ գործունեություն և աշխատանքների այնպիսի համադրում, ինչպիսիք են համակարգչի օգտագործումն ու տեխնոլոգիաների կիրառմամբ դասերը, քննարկումներն ու դասախոսությունները, ստեղծագործ ու ինտելեկտուալ խաղերը։

«Որակյալ կրթությունը առավել բարեկեցիկ կյանքի ճանապարհն է: Մեր համատեղ ծրագրի նպատակն է նորարարությունը զարգացնող հնարավորություններ և գիտելիք տալ գյուղաբնակ երեխաներին: Ուսյալ սերունդ դաստիարակելը ենթադրում է կրթության որակի բարձրացում, կրթական և ֆիզիկական միջավայրի բարելավում, ինչպես նաև՝ դասավանդման և ուսուցման ավելի լավ մեթոդներ:  Մենք պետք է քայլեր ձեռնարկենք քաղաքային և գյուղական հաստատություններում կրթության միջև տարբերությունը վերացնելու համար՝ միջնակարգ կրթության համակարգում նոր մեթոդների ներմուծման միջոցով: Գյուղաբնակ երեխաներն արժանի են ավելի լավ ապագայի»,-իր խոսքում նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ծրագրի հաջող իրականացման առնչությամբ COAF-ի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը նշել է. «Գյուղաբնակ երեխաների հետ աշխատելու Հիմնադրամի բազմամյա փորձը ցույց է տվել, որ մեր երիտասարդները տաղանդաշատ ու նպատակասլաց են և ողջունում են զարգացման ու աճի ցանկացած հնարավորություն: Շնորհակալ ենք, որ մեր հուսալի գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, կարևորելով այս փաստը, մշտապես աջակցում է մեր ծրագրերի իրականացմանը: Վերջին տարվա ընթացքում գործարկված ստեղծագործարանների գործունեության վերլուծության արդյունքում պարզ դարձավ, որ և´ երեխաները, և´ ուսուցիչները մեծ ոգևորությամբ են ներգրավվում արդի այս կրթասրահներում տեղի ունեցող բոլոր միջոցառումներին, ինչը կարևոր գործոն է ծրագրի արդյունավետությունը որոշելու համար:»    

Նշենք, որ ներկայումս ավարտին են մոտենում հիմնադրամի կողմից իրականացվող Հացիկի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, արդեն կառուցվել և գործում են դպրոցական ճաշարանն ու ատամների մաքրման կայանը, մեկնարկել են «Առողջ սնուցում» և «Ատամների խնամք» ծրագրերը, երիտասարդների համար իրականացվում է «Ձեռներեցության ուսուցում և պրակտիկա» ծրագիրը: Հացիկի դպրոցի հոգեբանները ներառված են «Աջակցություն դպրոցական հոգեբաններին» ծրագրի մեջ: Հիմնադրամի Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի շրջանակներում Հացիկում սոցիալական ծառայություններ են մատուցվում սոցիալական աշխատողի կողմից:

Այս տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, Հայաստանի մանուկներ հիմնադրամը ևս երկու ստեղծագործարան էլ շահագործման կհանձնի Լոռու մարզում, իսկ հաջորդ տարվա առաջին եռամսյակում՝ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում:

Share