Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. Ամփոփվել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրի երկու նախագծերի արդյունքները

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփում և ներկայացնում են «Այլընտրանքային էներգիա» համատեղ ծրագրի շրջանակում իրականացվող երկու նախագծերի արդյունքները: Առաջին նախագծի շրջանակում Ուրցաձոր համայնքի Զորավար Անդրանիկ փողոցում (1600 մ) տեղադրվել են արտաքին լուսավորության 70 լուսադիոդային (LED) լուսատուներ: Երկրորդ նախագծի շրջանակում գյուղում ստեղծվել և վերանորոգվել են երեք հյուրատներ, որոնցից երկուսում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ: Երկու նախագծերը սկսվել են ընթացիկ տարվա մարտին:

Կատարված աշխատանքները ներկայացվեցին Ուրցաձոր համայնքում կազմակերպված միջոցառման ընթացքում, որտեղ ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը և համայնքի բնակիչները: 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծապես կարևորում են բնության պահպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, որն իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքային զարգացմանը: Ուրցաձոր համայնքի համար այս նախագծերն ունեն մի շարք կարևոր առավելություններ: Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսատուները, որոնք 80%-ով նվազեցնում են էներգիայի ծախսը, կլուսավորեն համայնքի փողոցներն ամռանը 22:00-ից մինչև 01:00-ը, ձմռանը՝ 18:30-ից մինչև 00:00-ը, իսկ տոնական օրերին՝ ողջ գիշեր: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն, և կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը:

Նորաստեղծ էկո հյուրատները, որոնք ներկայումս երեքն են Ուրցաձոր համայնքում, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համայնքային զարգացման ծրագրերի կարևոր բաղադրիչներից են՝ որպես կայուն եկամտի աղբյուր գյուղաբնակ անապահով ընտանիքների համար: Հյուրատներում տեղադրված արևային ջրատաքացուցիչները ջեռուցման բնապահպանական և էներգաարդյունավետ միջոց են: Այդ համակարգերը ձմռանը ջեռուցման ծախսը նվազեցնում են 40-50%-ով, ամռանը նվազեցնում են տաք ջրի ծախը 100%-ով: 

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը բարձր է գնահատում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի այս նախաձեռնությունը. բնապահպանական որոշ խնդիրների նորարարական լուծում առաջարկելուց բացի, այն ունի կարևոր մեկ այլ առաքելություն: Այս ծրագիրը գյուղական համայանքների զարգացման հիանալի մոդել է, որտեղ գյուղացին ներգրավվում է որպես համագործակցող կողմ և ակտիվ մասնակցում է ծրագրի իրականացմանը: Հատկապես ուրախալի է տեսնել նախաձեռնությանը միանալու` համայնքի բնակիչների ոգևորությունն ու եռանդը: Նրանք ցանկանում են սեփական ուժերով բարելավել իրենց կյանքի պայմանները և այդ ամենն  անում են շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու վերաբերմունքով: Համոզված եմ, որ կատարված աշխատանքի արդյունքը տեսնելը և սեփական հողի վրա արժանապատիվ և ազնիվ կյանքով ապրելու հնարավորություն ունենալը խրախուում են մարդուն, որպեսզի նա ավելի շատ սիրի իր երկիրը և չմտածի հեռանալու մասին»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Share