Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. Դուետ «Արս լունգա» և տարվա հոբելյարներ

Օպերայի և բալետի ազգային թատրոնի «Համերգ՝ ճեմասրահում» նախագծի և «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի շրջանակներում կայացավ համերգ: «Արս լունգա» դուետի և ջութակահարներ Մերի Մարգարյանի և Լուսինե Հարությունյանի կատարմամբ հնչեցին 2014թ.-ի հայ հոբելյար կոմպոզիտորների ստեղծագործություններ. դուետներ` գրված թավջութակի և դաշնամուրի համար, և տրիոներ՝ ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար: Այս տարվա հոբելյարներն են` Կոմիտասը (145), Վլադիլեն Բալյանը (90), Ավետ Տերտերյանը (85), Գեղունի Չթչյանը (85), Տիգրան Մանսուրյանը (75), Էդուարդ Հայրապետյանը (65) և Արմեն Սմբատյանը (60):

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի ստեղծման և իրականացման գաղափարը «Արս լունգա» դուետինն է` ի դեմս թավջութակահար Արամ Թալալյանի և դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի: Ծրագիրը ներառում է հայ ակադեմիական երաժշտական ստեղծագործական մտքի և ավանդույթների լայն սպեկտր` 20-րդ դարի սկզբից մինչև մեր օրերը: Այդ թվում երիտասարդ սերնդի ներկայացուցիչների, ովքեր մասնակից լինելով ծրագրի ընթացքին իրենց մի շարք ստեղծագործություններ նվիրել են «Արս լունգա» դուետին: «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

«Արվեստի աշխարհում այս տարին նշանավորվում է հայ դասական երաժշտության մի շարք ակնառու գործիչների հոբելյաններով: Սա հիանալի առիթ է ևս մեկ անգամ հիշատակելու և մեծարելու մեր դասականներին: Սակայն կարևոր է նաև գնահատել և սատարել դասական երաժշտության մեջ նոր խոսք ասող ժամանակակից կոմպոզիտորներին: Այսօրվա համերգը համատեղել է այս երկու գաղափարները և հավաստում է, որ մեր ստեղծագործ միտքը կենդանի է և չի սահմանափակվում անցյալի ձեռքբերումներով»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:   

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը բաղկացած է մի քանի մասից:

«Արս լունգա» դուետը «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի 1-ին մասում հավաքել է 20-21-րդ դդ. 60 հայ կոմպոզիտորների թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ, կատարել և ձայնագրել է ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված յուրաքանչյուր ավարտուն տուփը (12 ձայնասկավառակ) ամփոփվում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկով:

Ներկայումս «Արս լունգա»-ն աշխատում է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ձայնագրությունների շարքի 2-րդ մասի իրագործման ուղղությամբ, որը կներկայացնի հայ կոմպոզիտորների դաշնամուրային տրիոները (ստեղծագործություններ դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար):

Share