Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի համագործակցությամբ Թումանյան համայնքում բացվել է ստեղծագործարան

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության շնորհիվ իրականացել է Լոռու մարզի Թումանյան համայնքի երեխաների երկար սպասված երազանքը. համայնքի դպրոցում բացվել է ստեղծագործարան, որից կօգտվեն ինչպես դպրոցի բոլոր աշակերտներն ու ուսուցիչները, այնպես էլ հարևան գյուղերի պատանիները:

Ստեղծագործարանն կրթության արդի պահանջներին համապատասխանող դասասենյակ է` հագեցված էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով, ինչպես նաև հատուկ շարժական կահույքով: Այն աշակերտներին հնարավորություն է տալիս կատարել ինչպես անհատական, այնպես էլ զույգերով կամ խմբային աշխատանք:

Ստեղծագործականությունը խթանող նման միջավայրը հնարավոր է դարձնում բազմանպատակ գործունեության իրականացումը, տարբեր աշխատանքների համադրումը, այդ թվում՝ համակարգչի և տեխնոլոգիայի կիրառմամբ դաս, քննարկում և դասի մատուցում, ընթերցանություն և խաղ, ինտելեկտուալ գործունեության կազմակերպում։ COAF-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերը նպատակ ունեն նաև նպաստել գյուղական համայնքների հավասարաչափ զարգացմանն ու դպրոցները համալրել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներով:

Թումանյանի ստեղծագործարանը տեխնիկապես հագեցված հինգերորդ կրթասրահն է, որ շահագործման է հանձնվում COAF-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ: 2013-2014թթ. ընթացքում նույն ծրագրի շահառու են դարձել Արմավիրի մարզի Սարդարապատ, Վանանդ և Հացիկ, ինչպես նաև Արագածոտնի մարզի Արտենի համայնքի երեխաները:

Իր խոսքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է. ¦ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում այն ամենը, ինչ վերաբերում է երեխաների կրթությանը և ապագային և աջակցություն է ցուցաբերում այդպիսի նախագծերի իրականացմանը: Մարզերում ապրող երեխաների համար հատկապես անհրաժեշտ է հասանելի դարձնել կրթական գործիքները, ինֆորմացիայի աղբյուրները, սատար կանգնել նրանց` պատշաճ կրթություն ստանալու գործում և հայրենիքում լիարժեք ապրելու և աշխատելու հնարավորություն ստեղծելու հարցում: Այս նախագիծը ևս մեկ քայլ է այդ նպատակներն իրականացնելու ճանապարհին§:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանի գնահատմամբ`¦Հայաստանում ստեղծագործարանների հիմնադրման և տարածման գաղափարը COAF-ինն է` ուսման համար գրավիչ ու նպաստավոր պայմանների ապահովման և երիտասարդ սերնդին արդի կրթական հնարավորությունների ընձեռման նպատակով: Հիմնադրամի համապարփակ զարգացման ծրագրերի կրթական բաղադրիչի իրականացման փորձն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ այսպիսի ոգեշնչող նախաձեռնությունները մեծացնում են աշակերտների հետաքրքրությունը ուսման նկատմամբ և նպաստում առաջադիմության բարձր արդյունքների:

Թումանյան համայնքն ունի կրթված բնակչություն և մեծ տեղ է հատկացնում ուսմանը: Տեղի դպրոցում սովորում է 124 աշակերտ: Նորաբաց ստեղծագործարանը կնպաստի տարածաշրջանում կրթության և երիտասարդների հմտությունների զարգացմանը: Ավելին, հաշվի առնելով, որ Թումանյանը գտնվում է Երևան-Թբիլիսի մայրուղու վրա, և նրա դիրքը ռազմավարական նշանակություն ունի, ստեղծագործարանը կծառայի ոչ միայն Թումանյանին, այլև Լոռու մարզի Թումանյանի ամբողջ տարածաշրջանի բնակչությանը:

Share