Բաժին. Սոցիալական

«BirthLink» ՀԿ-ն և ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են երկրում նեոնատալ խնամքի բարելավմանն ուղղված համագործակցությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «BirthLink» ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորն այցելել են Մասիս քաղաքի կենտրոնական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք: Հիվանդանոցին տրամադրվել են վաղահաս ծնված և առողջական խնդիրներով երեխաների խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ՝ վերակենդանացման սարք, տաքացուցիչ, ռեսպիրատոր թերապիայի համակարգ, երակային ներարկման պոմպ: Ձեռք բերված բուժսարքավորումների միջոցով հնարավոր կլինի պատշաճ բուժօգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող և ոչ բավարար քաշով ծնված երեխաներին՝ ապահովելով առողջական վիճակի կայունացում նախքան Երևանի կամ մարզային բուժկենտրոններ տեղափոխելը:  Որոշ դեպքերում անհրաժեշտ բուժսարքավորումների առկայության շնորհիվ կարող է վերանալ տեղափոխման անհրաժեշտությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրագործվող ծրագիրն առանձնահատուկ կարևորություն է տալիս նորածնի կյանքի առաջին օրվա ընթացքում ցուցաբերվող բուժօգնությանը՝ ձգտելով բոլոր ծննդատներն ապահովել անհրաժեշտ սարքավորումներով և վերապատրաստված մասնագետներով՝ առողջական խնդիրներով ծնված երեխաների մահացության ցուցանիշի կրճատման համար: Բուժսարքավորման տրամադրմանը զուգահեռ շարունակվում է բուժանձնակազմի վերապատրաստումը և աջակցությունը:

Այս տարի լրանում է «BirthLink» ՀԿ-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ վաղածին երեխաների խնամքի բարելավմանը և նորածնային մահացության ցուցանիշի կրճատմանն ուղղված համագործակցության յոթերորդ տարին: Ծրագիրը մեկնարկել է 2008 թ.-ին և մինչ այժմ ընդգրկել է Երևանի տասներկու և Հայաստանի յոթ մարզերի քսաներեք նորածնային բաժանմունք: Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս հատկացրել է մոտ 535 միլիոն դրամ:

«Երեխան լիարժեք ընտանիքի գրավականներից մեկն է, իսկ ընտանիքն` ամուր հասարակության գրավականը: Կայուն հասարակությունն էլ, իր հերթին, կարևորագույն նախապայման է երկրի զարգացման և առաջընթացի համար: Մենք ցանկանում ենք պայքարել Հայաստանում ծնված յուրաքանչյուր երեխայի կյանքի համար, ցանկանում ենք, որ մեր մանուկները ոչ միայն երջանկություն պարգևեն իրենց ծնողներին, այլ նաև առողջ և արժանի անհատներ դառնան մեր հասարակության, մեր երկրի համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «BirthLink» ՀԿ-ն իրենց մասնակցությունն են ունենում այդ պայքարին` կանգնելով հայ բժիշկների կողքին, տրամադրելով անհրաժեշտ բուժսարքավորումներ, ինչու ոչ` նաև հոգեբանական աջակցություն` իրենց ոչ դյուրին, բայց անգնահատելի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:    

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ղեկավարվող «Յուրաքանչյուր նորածին» («Every newborn») գործողության ծրագրի համաձայն՝ տարեկան հնարավոր է 3 միլիոն նորածինների և մայրերի կյանք փրկել՝ ներդրում կատարելով նախածննդային հսկողության և առողջական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի բարելավման ոլորտում:

Նորածնային մահացության դեպքերի 80%-ը հնարավոր է կանխել, մասնավորապես՝ վաղաժամ ծնունդի և վարակների հետևանքով առաջացած բարդությունների հեռացման ճանապարհով: Նորածնային խնամքի բարելավումը կարող է բազմաթիվ կյանքեր փրկել, բայց դրա համար անհրաժեշտ է ապահովել նաև մասնագետների վերապատրաստում և վերազինել նորածնային բաժանմունքները ժամանակակից բուժսարքավորումներով:

Share