Բաժին. Սոցիալական

Արազափ գյուղում 2015 թվականին կշահագործվի ջրամատակարարման նոր համակարգ

Արազափի ջրամատակարարման համակարգը կառուցվել է հեռավոր 60-ականներին: Ցանցի երկարատև շահագործման հետևանքով թուջե խողովակները շարքից դուրս են եկել, իսկ հնացած ենթակառուցվածքները հանգեցրել են մի շարք խնդիրների: Ջրի ցածր ճնշումը սահմանափակել է համակարգից օգտվելու` գյուղացիների հնարավորությունը: Ջրատար խողովակների մասնակի վերանորոգման աշխատանքներն այլևս արդյունք չեն տալիս և ֆինանսական տեսանկյունից արդարացված չեն: Իսկ համայնքային բյուջեով աշխատանքներ իրականացնելն իրատեսական չէ:

Արազափի ջրամատակարարման ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) սկսել են ծրագիր իրականացնել: 18,2կմ ջրագծի ներքին ցանցից արդեն իսկ 15կմ երկարությամբ նոր` գրեթե կորուստ չտվող պոլիէթիլենային ջրատար խողովակաշարն անցկացվել է: 90 %-ով ավարտվել են նաև հողային և ջրագծի մոնտաժման աշխատանքները: 

Առաջիկայում կցանկապատվի պոմպակայանի սանիտարական գոտու տարածքը, կտեղադրվեն ջրաչափեր, որոնք կնպաստեն ջրի տնտեսմանն ու հաշվառմանը: կկատարվեն մասնակի այլ աշխատանքներ: Ակնկալվում է, որ նոր պոմպի և ջրաչափերի տեղադրման գործընթացից հետո համայնքի ջրամատակարարման ցանցը կբարելավվի, ջուրը սպառողներին կմատակարարվի հավասարաչափ և շուրջօրյա: Ծրագրի ֆինանսական աջակցությունը ստանձնած կազմակերպությունների և համայնքի համագործակցության արդյունքում հնարավոր կլինի արձանագրել ջրի և էլեկտրաէներգիայի խնայողություն: 

Հիշեցնենք, որ եռակողմ համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրի արդյունքում, եկող տարվա գարնանը խմելու ջրի խնդիրը լուծում կստանա Արմավիրի մարզի՝ Լուկաշին, Արազափ և Տավուշի մարզի՝ Բերքաբեր և Արծվաբերդ գյուղերում: Կողմերն այս ուղղությամբ միավորել են ջանքերը և հետևում են իրականացվող աշխատանքների ընթացքին:

Ծրագրի արդյունքից օգտվելու է նշված չորս գյուղի մոտ 6800 բնակիչ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 70 միլիոն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 միլիոն դրամ:

Share