Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. «Ապրող ծառ» բնապահպանական տոն-մրցույթ Երևանի գազանանոցում

Երևանի կենդանաբանական այգում շուրջ 500 դպրոցական մասնակցել է «Ապրող ծառ» բնապահպանական տոն-մրցույթին: Այգու մուտքը եղել է ազատ,  ինչը բազմաթիվ այցելուների հնարավորություն է տվել դիտելու մրցութային աշխատանքները և պարզապես վայելելու տոնական մթնոլորտը: 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի  և Երևանի կենդանաբանական այգու  համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Ապրող ծառ» միջոցառումը սովորեցնում է տոներն անցկացնել՝ առանց բնությանը վնաս հասցնելու: Որոշակի կանոնների հետևելով՝ մրցույթ-փառատոնի մասնակիցներն անձամբ  պատրաստել են զարդարանքներ՝ կիրառելով արդեն իսկ օգտագործված անպիտան իրերը: Պոլիէթիլենային շշերն ու բաժակները, հին ձայնասկավառակները, ստվարաթուղթն ու թելերը, ընդեղենի կեղևը և այլ նյութեր երեխաների ձեռքերով նոր շունչ են ստացել՝ վերածվելով  բնապահպանական ինքնատիպ զարդարանքների: 

«Կարևոր է, որպեսզի մարդիկ շրջակա միջավայրի նկատմամբ ուշադիր լինեն վաղ տարիքից: Այս միջոցառումների միջոցով մենք ցանկանում ենք խրախուսել երեխաներին, որպեսզի նրանք մտածեն բնության և դրա պահպանության գործում իրենց դերի մասին»,- նշել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի բնապահպանական- կրթական նախագծի շրջանակում իրականացված հերթական միջոցառման նպատակը երիտասարդ սերնդի շրջանում բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունք ձևավորումն է: 

Հատուկ նշանակություն ունի նաև մրցույթի խորագիրը՝ «Ապրող ծառ»: Ավելի վաղ` դեկտեմբերին, հիմնադրամը քարոզարշավ էր սկսել՝ բոլորին կոչ անելով հատված եղևնիների փոխարեն ավելի մատչելի գնով գնել կամ վարձակալել ապրո՛ղ ծառ. արմատները հողում սոճի կամ եղևնի, որը տոներից հետո կարող է տնկվել ետնաբակում, նվիրաբերվել որևէ կրթօջախի կամ վերադարձվել Երևանի կենդանաբանական այգի:  

Մրցույթի մասնակիցները գնահատվել և մրցանակներ են ստացել երեք` լավագույն Էկո-տոնածառ, Էկո-ձնեմարդ և Սուրբ Ծննդյան մսուր անվակարգերում: Որպես մրցանակ տրվել են նաև բնության մասին գրքեր, կինոթատրոնի հրավիրատոմսեր, «Զու» ամսագրեր և այլն : «Կանաչ» և առողջ կենսակերպ խրախուսելու նպատակով, Երևանի կենդանաբանական այգին յուրաքանչյուր ամիս պատանի այցելուների համար անցկացնում է հեծանվի խաղարկություն, որի հաղթողն այս անգամ դարձել է  13-ամյա Նարինե Զախարյանը:

Share