Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների անձնական ներդրումը` Բյուրեղավանի գիշերօթիկում համակարգչային դասասենյակի ստեղծման գործում

Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն 9 տարի Հայաստանի շուկայում գործում է կառավարման քաղաքակիրթ մոդելով: Կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով առաջնորդվելու կազմակերպության արժեհամակարգը վաղուց կենսակերպ է դարձել նաև ընկերության աշխատակիցների համար: Երկրին և հասարակությանն օգտակար լինելու նրանց ցանկությունը պարբերաբար դրսևորվում է բազմաթիվ նախագծերում, որոնց իրականացման որոշումը կայացնում և միջոցներ են տրամադրում   կազմակերպության տարբեր վարչությունների աշխատակիցները:

Այսօրինակ ծրագրերից մեկն էլ իրականացվել է Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում:

Այս անգամ իրենց անձնական միջոցներից ներդրում են կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ադմինիստրատիվ վարչության աշխատակիցները: Նրանց նախաձեռնությունը ողջունել և որոշակի աջակցություն է տրամադրել նաև տնօրինությունը: Միասնական նվիրման արդյունքում համակարգչային դասասենյակ է ստեղծվել երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում: Տրամադրվել է 15 համակարգիչ, նույնքան սեղան և աթոռ, LCD հեռուստացույց, DVD նվագարկիչ և ջրատաքացուցիչ 2 կաթսա:

Ադմինիստրատիվ վարչության աշխատակիցների նախաձեռնությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, ընկերությունը գիշերօթիկին տրամադրել է «Home-Zone Turbo» սակագնային պլանի շրջանակում գործող 4G/Wi-Fi երթուղղիչ, ինչպես նաև ստեղծել է համակարգչային ներքին ցանց: Դա աշակերտներին թույլ կտա իրենց գիտելիքների պաշարը, ինչպես նաև տնայնագործական հմտությունները զարգացնել համացանցի ընձեռած հնարավորության շնորհիվ:

«Հասարակության հանդեպ հարգանքն ու հոգատարությունը կարևոր տեղ են զբաղեցնում ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Միասին հաջողության հասնելու կամքն ու վճռականությունը կարևոր են որպես ձեռքբերում: Այս սկզբունքով առաջնորդվող մեր աշխատակիցները գիտակցում են նաև յուրաքանչյուր երեխայի համար կրթական բարենպաստ միջավայրի ապահովման կարևոր նշանակությունը: Նորարար լուծումներով դասասենյակն աշակերտներին թույլ կտա լրացնել գիտելիքների պաշարը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Share