Բաժին. Սոցիալական

«BirthLink» ՀԿ-ն և ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են երկրում նեոնատալ խնամքի բարելավմանն ուղղված համագործակցությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «BirthLink» ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորն այցելել են Երևանի վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ: «BirthLink» ՀԿ-ն աջակցություն է ցուցաբերում այս հիվանդանոցին 2009 թ.-ից ի վեր: 

Երևանի վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական հիվանդանոցում տարեկան ծնվում է ավելի քան 3500 երեխա: Կանանց մի մասը հիվանդանոց է տեղափոխվում մարզերից՝ ունենալով հղիության բարդացումներ, երբ անվտանգ ծննդաբերության համար անհրաժեշտ է  ապահովել որակյալ բուժօգնություն, պատշաճ խնամք և պայմաններ: Նորածնային խնամքի այս բուժհաստատությունն աչքի է ընկնում բարձր ծանրաբեռնվածությամբ՝ տարեկան ընդունելով ավելի քան 650 վաղաժամ ծնված և առողջական խնդիրներ ունեցող երեխա:  Հիվանդանոցն այս տարի ստացել է ինտենսիվ խնամքի երկու մանկական մահճակալ՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաների առաջնային բուժօգնության համար, ինչպես նաև հավելյալ սարքավորումներ՝ շնչառական խնդիրների կարգավորման համար և ուլտրաձայնային ախտորոշիչ, որը նախատեսված է կյանքի առաջին մի քանի շաբաթվա ընթացքում ուղեղի փոփոխությունները և զարգացումը  վերահսկելու համար: Տրամադրված սարքավորումների միջոցով հնարավոր կլինի որակյալ բուժօգնություն ցուցաբերել առավել մեծ թվով նորածինների, բացի այդ առավել դյուրին կդառնա առողջական խնդիրներ ունեցող երեխաների ախտորոշումը և նրանց առողջական վիճակի վերահսկումը:

«Նորածին երեխաները, ավելի քան որևէ մեկը, մեր հոգածության և նվիրման կարիքն ունեն: Մենք չպետք է անտարբեր լինենք և նորածնային մահացության բարձր ցուցանիշի դեմ պայքարում չպետք է անօգնական թողնենք ծնողներին, բժիշկներին ու հասարակությանը, որովհետև ընդհատված յուրաքանչյուր կյանքի հետ նվազում է մարդկության հուսալի ապագայի հնարավորությունը: Մենք խորապես հավատում ենք, որ յուրաքանչյուրն արժանի է լսելու «Մայրի՛կ, Հայրի՛կ, ես ձեզ սիրում եմ» բառերը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրագործվող ծրագիրն առանձնահատուկ կարևորություն է տալիս նորածնի կյանքի առաջին օրվա ընթացքում ցուցաբերվող բուժօգնությանը՝ ձգտելով բոլոր ծննդատներն ապահովել անհրաժեշտ սարքավորումներով և վերապատրաստված մասնագետներով՝ առողջական խնդիրներով ծնված երեխաների մահացության ցուցանիշի կրճատման համար: Բուժսարքավորման տրամադրմանը զուգահեռ շարունակվում է բուժանձնակազմի վերապատրաստումը և աջակցությունը:

Այս տարի լրանում է «BirthLink» ՀԿ-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ վաղածին երեխաների խնամքի բարելավմանը և նորածնային մահացության ցուցանիշի կրճատմանն ուղղված համագործակցության յոթերորդ տարին: Ծրագիրը մեկնարկել է 2008 թ.-ին և մինչ այժմ ընդգրկել է Երևանի տասներկու և Հայաստանի յոթ մարզերի քսաներեք նորածնային բաժանմունք: Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս հատկացրել է մոտ 535 միլիոն դրամ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ղեկավարվող «Յուրաքանչյուր նորածին» («Every newborn») գործողության ծրագրի համաձայն՝ տարեկան հնարավոր է 3 միլիոն նորածինների և մայրերի կյանք փրկել՝ ներդրում կատարելով նախածննդային հսկողության և առողջական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի բարելավման ոլորտում:

Նորածնային մահացության դեպքերի 80%-ը հնարավոր է կանխել, մասնավորապես՝ վաղաժամ ծնունդի և վարակների հետևանքով առաջացած բարդությունների հեռացման ճանապարհով: Նորածնային խնամքի բարելավումը կարող է բազմաթիվ կյանքեր փրկել, բայց դրա համար անհրաժեշտ է ապահովել նաև մասնագետների վերապատրաստում և վերազինել նորածնային բաժանմունքները ժամանակակից բուժսարքավորումներով:

Share