Բաժին. Սոցիալական

Հերթական սոցիալական ծրագիրը`ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների անձնական ներդրման արդյունքում

Սահմանամերձ Վերին ճամբարակի մանկապարտեզը տարիներ շարունակ ջեռուցվել է վառելափայտով: Իսկ անցյալ տարի տեղում փորձել են տարածքը տաքացնել էլեկտրաէներգիայով: Այդ տարբերակը ևս արդյունավետության տեսանկյունից իրեն չի արդարացրել: 

Հավատարիմ մնալով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման մոդելին և պատասխանատու արժեհամակարգին`Տեղեկատվական համակարգերի վարչության աշխատակիցներն, իրենց անձնական ներդրման միջոցով, ջեռուցման համակարգ են անցկացրել մանկապարտեզի հսկայական մասնաշենքի կրտսեր խմբի հարկաբաժնում: Նույն թիմի աջակցությամբ, առաջին հարկի խոհանոցում տեղադրվել են 500 լ տարողությամբ ջրի բաք և պոմպ: Դա թույլ կտա  մանկապարտեզն ապահովել ոչ միայն սառը, այլև  տաք ջրով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների միասնական նվիրման արդյուքնում, Վերին ճամբարակի մանկապարտեզի ջեռուցման գործընթացն այլևս կախված չի լինի բնության քմահաճույքներից, սաներն ու դաստիարակները կմոռանան ժամանակին եղած անհարմարության հետևանքները` ծխի ներհոսքը և արդյունավետության տեսակետից չարդարացված ջերմարձակումը: Ակնհայտ կլինեն նաև հասարակության հանդեպ հոգատար այս մոտեցման բնապահպանական օգուտները: 

Գործունեության հենց սկզբից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի շուկայում առաջնորդվել է կառավարման քաղաքակիրթ մոդելով: Կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով գործելու կազմակերպության արժեհամակարգը վաղուց կենսակերպ է դարձել ընկերության աշխատակիցների համար: Երկրին և հասարակությանն օգտակար լինելու նրանց ցանկությունը պարբերաբար դրսևորվում է բազմաթիվ նախագծերում, որոնց իրականացման որոշումը կայացնում և միջոցներ են տրամադրում   կազմակերպության տարբեր վարչությունների աշխատակիցները:

Տարբեր վարչությունների աշխատակիցների աջակցության արդյունքում, միայն 2014թ ընթացքում, ծրագրեր են իրականացվել մի շարք համայնքներում: Մասնավորապես, սահամամերձ Բերքաբեր գյուղի դպրոցը թշնամու գնդակներից պաշտպանելու նպատակով, կառուցվել է պաշտպանիչ երկաթ-բետոնյա պատ, Վեդիում ցանկապատվել է տեղի եկեղեցու տարածքը, Բյուրեղավանի գիշերօթիկում ստեղծվել է լիարժեք կահավորված և ներքին ցանցով ապահովված համակարգչային սենյակ, տրամադրվել  4G/Wi-Fi երթուղղիչ, սահմանամերձ Վահան գյուղի դպրոցում կառուցվել է սանհանգույց և այլն: 

Թվարկված բոլոր ծրագրերի հիմքում եղել է երկրին և հասարակությանն օգտակար լինելու, միասին հաջողության հասնելու կամքն ու վճռականությունը:

Share