Բաժին. Սոցիալական

Մրցանակներ՝ լավագույն ձևավորում ապահոված դպրոցներին

Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Dasaran.am» կրթական ծրագրի, ինչպես նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակում ամփոփվել են «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2014-2015» մրցույթի արդյունքները: «Dasaran.am» կրթական ծրագրի ցանցում ընդգրկված 1435 դպրոցների շրջանակում ամանորյա տոներին ընդառաջ հայտարարված մրցույթին մասնակցել է մայրաքաղաքի, ինչպես նաև ՀՀ մարզերի ավելի քան 500 դպրոց: Աշակերտներից, մանկավարժներից և ծնողներից ձևավորված խմբերը լուսանկարել են իրենց աշխատանքներն ու լուսանկարները տեղադրել Dasaran.am կայքում: 

Մրցանակաբաշխության արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, դպրոցների տնօրեններ:

Կարևորելով ակտիվ համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև նախարարության հետ, «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը նախ ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում համատեղ իրականացված ծրագրերը, ապա, խոսելով երրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթի մասին, նկատել, որ լավագույններին որոշելիս հաշվի է առնվել խմբային աշխատանքն ու աշակերտների կողմից ներկայացրած ձեռքի աշխատանքների գերակայությանը: Մրցույթի արդյունքներով առանձնացվել է 34 դպրոց, որոնք արժանացել են պատվոգրերի և խրախուսական մրցանակների: Հաղթող դպրոցներ են ճանաչվել և համակարգչով պարգևատրվել Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան հ. 66 և Գարեգին Նժդեհի անվան հ. 161 հիմնական դպրոցները, ինչպես նաև մարզային ևս երեք դպրոց:

«Մեր համագործակցությունն այսօր իսկապես արդյունավետ է, և նմանօրինակ միջոցառումների կազմակերպումն ու դպրոցների խրախուսումը կարևոր է նաև ծնող – աշակերտ – դպրոց կապի ամրապնդման տեսնակյունից: Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին և լիահույս եմ, որ այսպիսի նախաձեռնությունները կլինեն շարունակական»,- ընդգծել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Share