Բաժին. Սոցիալական

Երևանի քաղաքապետարան. Պատվոգրեր՝ հաղթանակած պատանի մարզիկներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հյուրընկալել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սաներին, ովքեր օրերս ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում կայացած գեղարվեստական մարմնամարզության մանկապատանեկան միջազգային մրցույթում արժանացել են բարձրագույն պարգևների։ Մրցումներին մասնակցել է 15 երկրի 365 պատանի մարզիկ։ 

«Շնորհավորում եմ ձեզ և ձեր մարզիչներին, նորանոր հաջողություններ եմ մաղթում, որ այսուհետ ևս տարբեր մրցումներում ձեր հաղթանակները բարձրացնեն մեր Եռագույնը։ Ձեր յուրաքանչյուր ձեռքբերման համար շատ ուրախ ենք, պատրաստ ենք օգտակար լինել»,- Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով մարզիկներին՝ նշել է քաղաքապետի տեղակալը, այնուհետ պարգևատրել պատվոգրերով՝ ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում կայացած գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում բարձր արդյունք ցույց տալու և Երևան քաղաքի մարզական պատվիրակության պատիվը բարձր պահելու համար։

Մարզադպրոցի տնօրեն Բելլա Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նման ուշադրության և ոգեշնչող խրախուսանքի համար։

«Այս պատվոգրերը մեզ պարտավորեցնում են էլ ավելի մեծ նվիրումով կրթել որակյալ ու մրցունակ սերունդ. առողջ սերունդ՝ առողջ հայրենիք։ Տարեցտարի մարզադպրոցն առավել բարձր արդյունքներ է գրանցում տարբեր մրցույթներում։ Այս մեկում ևս. պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ մրցույթի կազմակերպիչները հատուկ շեշտեցին, որ Հայաստանը ներկայացնող Երևանի թիմը առանձնանում էր տեխնիկայով»,- ներկայացրել է մարզադպրոցի տնօրենը։ 

Եվ քանի որ պատանի մարզիկների հետ հանդիպումը կայացավ գիրք նվիրելու օրը, հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հյուրերին նաև գրքեր՝ հայ դասականների երկեր ու աղոթագրքեր նվիրեց։

Share