Բաժին. Սոցիալական

Beeline. Անդրեյ Պյատախինը ԵՊՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես եկավ դասախոսությամբ Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետին կից հեռաուսուցման լաբորատորիայի` Մարքեթինգի և Հասարակայության հետ կապերի ոլորտում վերապատրաստման հատուկ դասընթացի մասնակիցների համար:

Ընկերության ղեկավարը, որպես հրավիրված դասախոս, լսարանին ծանոթացրեց ռազմավարական մարքեթինգի և բրենդինգի մասնագիտական դասընթացի հետ և ներկայացրեց «Ինչպես կառավարել ղեկավարին» թեմայով դասախոսություն: Ընդհանուր առմամբ դասախոսությանը ներկա էր 30 ունկնդիր, այդ թվում` ԵՊՀ դասախոսներ, հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավարությունը, ուսանողներ, լրագրողներ, մարքեթինգի ու հասարակայնության հետ կապերի ոլորտի մասնագետներ:

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Beeline-ի ղեկավարությանն` ի դեմ Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին, չափազանց հետաքրքիր դասախոսության և հեռաուսուցման լաբորատորիայի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար: Երկրի խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարի պաշտոնում Ձեր ունեցած փորձն արժեքավոր և արդիական է մեր դասընթացին հաճախող ուսանողների և ունկնդիրների համար», – նշեց Երևանի Պետական Հալասարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը:  

«Որպես Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորի ղեկավար՝ ինձ համար շատ հաճելի է տեսնել զգալի առաջընթաց կրթության մեջ թվային տեխնոլոգիաների օգտագործման ոլորտում։ Ժամանակակից տեխնոլոգիաներն օգնում են դարձնել մարդկանց կյանքն ավելի լավ և ստանալ որակյալ կրթություն, այդ թվում` հեռահար: Շնորհակալ եմ Երևանի Պետական Համալսարանի ղեկավարությանը հրավերի և նոր տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ մասնագիտական կրթության զարգացման գործում իմ փոքրիկ ավանդն ունենալու հնարավորության համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիան Հայաստանում պետական կրթական հաստատություններից առաջինն է ներդրել հեռահար ուսուցման համակարգն off-line և on-line ձևաչափերով: Դասընթացի ունկնդիրներին բացառիկ հնարավորություն է ընձեռնվում դառնալ հասարակայնության հետ կապերի, մարքեթինգի, սոցիոլոգիայի, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների և այլ ոլորտների մասնագետներ: 

Share