Բաժին. Սոցիալական

Նյու Յորքում պաշտոնապես տրվել է «100 կյանք» մարդասիրական նախաձեռնության մեկնարկը

Երեկ Նյու Յորքում պաշտոնապես տրվել է «100 կյանք» (100 LIVES) գլոբալ մարդասիրական նախաձեռնության մեկնարկը, որը արժանին կմատուցի նրանց, ովքեր 100 տարի առաջ օգնել են կարիքի մեջ հայտնված հայերին։ Ազդարարվել է նաև «Ավրորա» միջազգային մրցանակի հիմնադրման մասին:

Be Armenian, Be Alive կարգախոսով նախաձեռնությունը կոչված է արտահայտելու երախտագիտություն, կիսելու փրկության հիշարժան պատմություններ և ոգեկոչելու մարդկային կամքի ուժը։ Այդ նպատակով գործարկվել է հատուկ կայք` www.100lives.com, որտեղ կարելի է հետևել հետաքրքիր պատմությունների։

«100 կյանք»-ի համահիմնադիրներն են հայտնի հայ գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:

«100 Կյանք» նախաձեռնության նպատակն է ուշադրություն հրավիրել ցեղասպանության և մարդու իրավունքների ոտնահարման խնդիրների վրա, մրցանակ հիմնելու միջոցով խրախուսել անձանց, ովքեր մեր օրերում կյանքեր փրկելու համար ջանքեր չեն խնայում, ինչպես նաև` արժանին մատուցել բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր հարյուր տարի առաջ հազարավոր հայերի կյանքեր են փրկել:

«Նախաձեռնությամբ ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել նրանց, ովքեր օգնել են հայերին 100 տարի առաջ և որոնց ջանքերով տապալվել է ցեղասպանության նախաձեռնողների հիմնական նպատակը՝ հայ ժողովրդի բնաջնջումը: Նախագծի շրջանակներում համադրել ենք երեք բաղադրիչ, որոնք վերաբերում են մեր անցյալին, ներկային և ապագային», -ասել է  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Թե հաջորդ տարի ո՞վ կլինի այն նվիրյալը, որը կստանա Սփյուռքի առաջատար դեմքերի և հոլիվուդյան աստղերի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սահմանած մարդասիրական մրցանակը, կորոշի 4 հոգանոց հանձնաժողովը, որի համանախագահներն են Not On Our Watch մարդասիրական նախագծի համահիմնադիր, դերասան Ջորջ Քլունին և մարդասիրական Elie Wiesel Foundation-ի նախագահ, Նոբելյան մրցանակակիր Էլի Ուիզելը:

«Հայերն այն ծրագրված ակտի առաջին զոհերից են, որը հետագայում ցեղասպանություն կոչվեց: Զանգվածային սպանությունը մնում է զանգվածային սպանություն` անկախ այն բանից, թե ինչ դրդապատճառ է ունեցել` կրոնական, քաղաքական, սոցիալական թե հոգեբանական: Շատերը կարող են ասել` ինչու՞ պետք է մենք մտածենք այդ մասին, դա տեղի է ունեցել շատ վաղուց, ուրիշ մարդկանց հետ և այլն: Բայց դա սխալ է: Այն, ինչ տեղի է ունենում փոքրամասնության հետ, իր ազդեցությունը կթողնի նաև մեծամասնության վրա: Այն, ինչ ազդում է ներկայի վրա, կազդի նաև ապագայի վրա»,- ասել է Ուիզելը։

«Ես ցանկանում եմ առնչություն ունենալ «100 կյանք» նախագծի հետ, քանի որ այն և մեր Not On Our Watch հիմնադրամն ունեն նույն առաքելությունը, այն է` համաշխարհային ուշադրությունը հրավիրել ցեղասպանությունների բացասական հետևանքների վրա»,- ասել է Քլունին։

Share