Բաժին. Սոցիալական

Թիմ Քուքն իր կարողությունը կնվիրաբերի բարեգործությանը

Fortune պարբերականի տեղեկացմամբ` Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը մտադիր է իր ողջ կարողությունը նվիրաբերել բարեգործությանը։

Ըստ Fortune-ի տվյալների` Քուքի կարողությունը ներկայում գնահատվում է ավելի քան 120 մլն դոլար։ Սակայն, եթե նա վաճառի Apple-ում ունեցած իր մասնաբաժինը, ապա կհարստանա լրացուցիչ 665 մլն դոլարով։

Հիշեցնենք, որ Քուքը ավելի վաղ հայտնել էր, որ թեև սկսել է ներդրումներ կատարել բարեգործական նախագծերում, այդուամենայնիվ, ցանկանում է համակարգային մոտեցում որդեգրել` կտրոնները շաղ տալու փոխարեն: Ամերիկյան ՏՏ հսկայի ղեկավարը ամբողջովին կտրվի մարդասիրական գործունեությանը միայն այն բանից հետո, երբ ավարտի իր 10-ամյա զարմիկի կրթության համար հոգ տանելը։

Նկատենք, որ Fortune-ի վարկանիշում համաշխարհային 50 առաջնորդների շարքում Քուքը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Թոփ հնգյակում ներառվել են ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

Share