Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների համար Ավագ ուրբաթը ոչ աշխատանքային օր է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության աշխատակիցների Ավագ ուրբաթն ավանդաբար ոչ աշխատանքային օր է: Այս տարի Ավագ ուրբաթը նշվում է ապրիլի 3-ին:

Ծաղկազարդը, որով սկսվում է Սբ Հարության տոնին նախորդող ավագ շաբաթը, այս տարի նշվել է մարտի 29-ին:

Ավագ հինգշաբթին, որն այս տարի նշվում է ապրիլի 2-ին, նվիրված է վերջին ընթրիքին: Այդ օրը երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ ուրբաթին` խորհրդանշելով Տիրոջ խաչելությունը:

Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ:

Ավագ շաբաթ օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:

Կիրակի` ապրիլի 5-ին, կնշվի Հիսուս Քրիստոսի Հարության տոնը, եկեղեցիներում կմատուցվի Սբ Պատարագ: Հիսուս Քրիստոսի հարությունը քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքն է: Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է:

Հայի ինքնության և քրիստոնեության օրրան Հայաստանի հանդեպ մեր նվիրումը պարտավորեցնում են պահպանել և հանրության շրջանում տարածել մեր կրոնական տոներն ու հիշատակության օրերը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնները ուրբաթ օրը կգործեն իրենց կանոնավոր ժամերին, իսկ զանգերի կենտրոնը կիրականացնի շուրջօրյա սպասարկում:

Share