Բաժին. Սոցիալական

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը շարունակում է աջակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նախագծերին

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը շարունակում է աջակցություն ցուցաբերել Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կողմից իրականացվող նախագծերին: Այսօր՝ մայիսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը տեղեկացրեց, որ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի աջակցությամբ Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բացված՝ «Հայաստան 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» ցուցադրությունը կշարունակվի մինչև հուլիս ամիսը: Այս ժամանակահատվածում, ըստ Հայկ Դեմոյանի, ցուցահանդեսի այցելուների թիվն ամենայն հավանականությամբ  կանցնի կես միլիոնից:

Ասուլիսի ժամանակ նաև նշվեց, որ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի աջակությամբ հրատարակել են չորս գրքեր («Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին», «Դարդանելից մինչեւ Պաղեստին», «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին», «Հոշոտված Հայաստան»): Այս գրքերը, որոնք հրատարակվել են ֆրանսերեն լեզվով, մեծ հաջողություն են ունեցել ցուցադրության ընթացքում:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի խոսքով՝ բանկը չէր կարող անմասն մնալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից:

Share