Բաժին. Սոցիալական

TEDxKids@Yerevan. Պատանի բանախոսները՝ կրթական հիմնախնդիրների մասին

Հունիսի 23-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա 4-րդ TEDxKids@Yerevan միջոցառումը, որը պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED կազմակերպության կողմից և առաջնորդվում է TED-ի` «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: Միջոցառմանը կմասնակցի ավելի քան 300 երեխա Երևանից և մարզերից: TEDxKids@Yerevan 2015 միջոցառման թեման մանկական երևակայությունն է:  

TEDxKids@Yerevan միջոցառման ընթացքում, տեսագրված TED ելույթների ընտրանու  ցուցադրման հետ մեկտեղ ելույթ կունենա 12-18  տարեկան 23 բանախոս, ոմանք՝ հատուկ կարիքներով: Նրանք խոսելու են իրենց ամենահամարձակ ու ամենահետաքրքիր գաղափարների մասին: 

Այս տարի առաջին անգամ միջոցառման  խորագրի հետ կապված երգ է գրվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի #Imagine նախաձեռնության շրջանակներում, ըստ որի Ջոն Լենոնի հանրահայտ Imagine երգի կատարման տաբերակներ են ստեղծվում և տարածվում աշխարհում: Այս նախաձեռնության շրջանակներում, Թումոյի հետ հատուկ համագործակլցությամբ,  Imagine երգի համար հայերեն բառեր են գրվել Tumo TED-Ed Club-ի անդամների կողմից: Երգը ձայնագրվել է կենտրոնի երաժշտական ստուդիայում, ուսանողների մասնակցությամբ նկարահանվել է տեսահոլովակ, որը կցուցադրվի TEDxKids@Yerevan-ի բացման ժամանակ:

Բազմաթիվ հայ երեխաներ, իրենց TEDx ելույթների շնորհիվ, նկատվել են  համաշխարհային ճանաչում ունեցող ԲՈՒՀ-երի և մրցույթների կողմից: Ըստ TEDxKids@Yerevan-ի կազմակերպիչ Քրիստինե Սարգսյանի՝  նման  միջոցառումներ կազմակերպելու հիմնական նպատակը հայ երեխաներին լսելի և տեսանելի դարձնելն է ամբողջ աշխարհում:  

TEDxKids@Yerevan 2015-ը հնարավոր է դարձել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների հետ համագործակցության և մի շարք կազմակերպությունների՝ Վորլդ Վիժն Հայաստանի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Հայկական Կարիտասի և Ինդիգո մանկական ակումբի աջակցության շնորհիվ:

Նախորդ տարվա TEDxKids@Yerevan միջոցառումը կրում էր «Մանկան երևակայություն» խորագիրը: TEDxKids@Yerevan բանախոսների ելույթները դիտելու համար այցելեք http://kids.tedxyerevan.com/ կայք: Այս տարվա բոլոր ելույթները նույնպես կտեսագրվեն և ավելի ուշ կտեղադրվեն միջոցառման կայքում, ինչը կնպաստի հայ երեխաների բարձրաձայնած խնդիրների տարածմանը հանրության առավել լայն շրջանակներում:

TEDx-ի մասին, x = անկախ հիմունքներով կազմակերպված միջոցառում

TEDx-ը տեղական, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: TEDx միջոցառումների ընթացքում կենդանի ելույթ ունեցող բանախոսների և TEDTalks տեսանյութերի ցուցադրման համադրումը ունկնդիրների միջև իմաստալից քննարկման և կապի առիթ է ստեղծում: TED կոնֆերանսներն ընդհանուր ուղություն են տրամադրում TEDx ծրագրին, սակայն վերջիններս անկախ հիմունքներով են կազմակերպվում, որը ենթակա է որոշակի կանոնակարգման: 

TED-ի մասին

TED-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: Սկիզբ առնելով որպես քառօրյա ծրագիր Կալիֆորնիայում 25 տարի առաջ, TED-ն այժմ վերաճել է մի կառույցի, որն աջակցում է այն գաղափարներին, որոնք միտված են փոխելու աշխարհը տարբեր նախաձեռնությունների միջոցով: TED-ի ամենամյա  համագումարը հրավիրում է ողջ աշխարհի առաջատար մտածողներին ևիրականացնողներին` խոսելու 18 րոպե: Նրանց ելույթներն այնուհետև հասանելի են դառնում համացանցում` TED.com կայքում, անվճար հիմունքներով: TED բանախոսներ են եղել Բիլ Քլինթոնը, Ալ Գորը, Ջեյն Գուդոլը, ԷլիզաբեթԳիլբերթը, պրն. Ռիչարդ Բրենսոնը, Նանդան Նիլեկանին, Ֆիլիպ Սթարքը, Նգոզի Օկոնյո Իուեալան, Իզաբել Ալենդեն և Մեծ Բրիտանիայի վարչապետ  Գորդոն Բրաունը: TED կոնֆերանսների մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք http://www.ted.com կայքը: 


Share