Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» տուն են կառուցում Գեղարքունիքի մարզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում մասնակցել են Մելիքյանների ընտանիքի կիսակառույց տան շինարարությանը: Այս անգամ թիմը ծեփամածիկով հարթեցրել է տան պատերը:

Մելիքյանների ընտանիքը մեկն է այն 40 երջանիկ օջախներից,  որն այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի միջոցով՝ վերջապես բարեկարգ տուն կունենա: 

Ընտանիքի մայրը՝ Լեյլա Առաքելյանը, տարիներ շարունակ փայփայել է տուն ունենալու բաղձալի երազանքը, սակայն, հանգամանքների բերումով, քսան տարի  է անցել նպատակն իրականացնելու համար:Ընտանիքը մի քանի տարի ապրել է Լեյլայի ամուսնու՝ Ջումշուդի ծնողների տանը, ապա վարձով՝ Սևան քաղաքում, այնուհետև՝ շուրջ 15 տարի, ազգականներից մեկի հողամասի վրա տեղադրված վագոն-տնակում:Ընտանիքին միայն տասը տարի առաջ է հաջողվել  գնել կիսակառույց՝ միայան պատեր և ծածկ ունեցող այս տունը: Մեկ տարի առաջ Մելիքյանները կարողացել են երկու սենյակ առանձնացնել և վագոն-տնակից տեղափոխվել կիսակառույց տուն:

«Բոլոր այս տարիներին երազել եմ տան մասին: Տղաներս իրենց ողջ կյանքի ընթացքում չեն զգացել ամուր տանիք ունենալու բերկրանքը: Անհնար է նկարագրել, թե ինչ է նշանակում վագոն- տնակում ապրելը: Տղաներից մեկը՝ Տարոնը, 2014թ-ին առաջին անգամ Ամանորը դիմավորեց քարե տանը: Արամը՝ մեծ տղաս, այդ ժամանակ բանակում էր: Չեմ կարող նկարագրել այն երջանկությունը, որն այժմ զգում եմ: Երախտապարտ եմ բոլոր նրանց, ում աջակցությամբ, այսքան տարիներ հետո, հնարավորություն կունենանք ապրելու կենցաղային բավարար պայմաններում»,- ասել է Լեյլա Առաքելյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ՝ հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք ապահով կացարան ունի:  Տարեվերջին բարեկարգված կամ կիսակառույցը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

«Գյուղի զարգացմանն աջակցելը մեր ընկերության ուշադրության կենտրոնում է՝ հաշվի առնելով ուրբանիզացման բարձր տեմպերը: Հայաստանի համար գյուղական ենթակառուցվածքների զարգացումն էլ ավելի կարևոր է՝ գյուղական շրջաններից արտագաղթը հնարավորինս նվազեցնելու տեսանկյունից: Հայրենյաց հողում արմատներ գցելու, գետնին ամուր կագնելու, ապագային լավատեսությամբ և հավատով նայելու համար հողի մշակը չպետք է ունենա տանիքի խնդիր: Ուրախ ենք այստեղ գտնվելու  և Մելիքյանների երկար փափագած երազանքը համատեղ ուժերով իրականություն դարձնելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ահավոր է, երբ երջանիկ մանկություն վայելելու փոխարեն, ընտանիքի երեխաներն իրենք են ապրում տնազրկության հոգսով:  Այս ընտանիքի երեխաներն իրենց մանկության ընթացքում տուն չեն ունեցել, բայց գոնե երիտասարդությունը կվայելեն նորմալ կենցաղային պայմաններում»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ-ին` 55մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իրականացնում է ծրագիրը:

Share