Բաժին. Սոցիալական

Beeline-ի աջակցությամբ սահմանամերձ գյուղերի երեխաները կայցելեն Երևան

Beeline-ը «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության հետ համատեղ շարունակում է  «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» ծրագիրը: Ծրագրի հերթական փուլի շրջանակում սահմանամերձ 6 գյուղերից 30 երեխաներ, ովքեր առաջին փուլում հաճախել էին Դիլիջանում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, կայցելեն Երևան: Էքսկուրսիայի շրջանակում երեխաները կլինեն մայրաքաղաքի տեսարժան վայրերում և պատմամշակութային թանգարաններում: 

«Երիտասարդներին ուղղված սոցիալական ծրագրերը մշտապես գտնվում են Beeline-ի ուշադրության կենտրոնում: Ուրախ ենք, որ Beeline-ի աջակցությամբ իրականացվող այս ծրագրի շնորհիվ  սահմանամերձ գյուղերի երեխաները հնարավորություն ունեն ոչ միայն ձեռք բերելու նոր գիտելիքներ, այլ նաև այցելելու և բացահայտելու նոր վայրեր՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Նման դասընթացները, լինեն դրանք մեկշաբաթյա ճամբարի շրջանակներում, թե երեք ամիս տևողությամբ Դիլիջանի Թումո այցելելու, շատ կարևոր են սահմանամերձ գյուղերի երեխաների համար: Հատկապես այս գյուղերում երեխաների կրթություն ստանալու հնարավորությունները սահմանափակ են: Սակայն նման դասընթացների շնորհիվ նրանք կարողանում են  ոչ միայն հետաքրքիր առարկաներ ուսումնասիրել, այլ նաև ձեռք բերել ժամանակակից և մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններ, ինչն ապագայում նրանց հնարավորություն կտա մնալ հարազատ գյուղերում», – նշեց «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Արման Հայրապետյանը:

Նշենք, որ Beeline-ը և «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպությունը համագործակցում են 2013 թ.-ից ի վեր և «Հայրենիքի դարպասներ» ծրագրի շրջանակում իրականացրել են «Երկու օր հեքիաթում» և նվերներ «Երվանդաշատ գյուղի երեխաներին» ծրագրերը` ուղղված սահմանամերձ գյուղերի սոցիալական խնդիրների լուծմանը: 2014 թ. համագործակցության շրջանակում Տավուշի մարզի Չինարի և Ոսկեպար սահմանամերձ գյուղերում կառուցվել են խաղային ու սպորտային հրապարակներ: Իսկ 2015 թ. «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» ծրագրի շրջանակում 6 ամիս շարունակ յուրաքանչյուր շաբաթ Տավուշի մարզի 6 սահմանամերձ գյուղերի երեխաներ այցելեցին Դիլիջանում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Share