Բաժին. Սոցիալական

Կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ստանալու իրավունք տվող հիվանդությունների ցանկ

Այսօր կայացած նիստի ընթացքում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների ցանկը: Ցանկում ներառվել են այն հիվանդությունները, որոնցով հիվանդանալու դեպքերում անձի կյանքին անմիջական վտանգ է սպառնում կամ նա ունի ամոքիչ (պալիատիվ) օգնության կարիք: Դրանք են՝ արյան շրջանառության համակարգի, չարորակ նորագոյացությունների, սրտային անբավարարության և այլ ծանր հիվանդությունները:

Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդություններ.

ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Զարկերակային գերճնշում` բարդացված նյարդային կենտրոնական համակարգի, սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով, խիստ արտահայտված ֆունկցիաների խանգարումով, դեկոմպենսացված փուլում (Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանով սահմանված` հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի այսուհետ` հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ I10 ծածկագիր):

2. Սրտային անբավարարություն` դիստրոֆիկ փուլում, բարդացված ասցիտով, անասարկայով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I50 ծածկագիր):

3. Լյարդի ցիրոզ` IV շրջան, IV աստիճանի դռներակային գերճնշումով, կերակրափողի երակների վարիկոզ լայնացմամբ, ինտոքսիկացիայով, ասցիտով, հյուծումով (կախեքսիայով) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի K74 ծածկագիր):

4. Տուբերկուլյոզի խրոնիկական ընթացող պրոգրիսվող ձևերը` պոլիօրգանական ախտահարումով, հյուծումով (կախեքսիայով), խիստ արտահայտված օրգանիզմի ֆունկցիաների խանգարումով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի A15 ծածկագիր):

5. Երիկամների քրոնիկական հիվանդություններ կամ այլ հիվանդությունների հետևանքով արտահայտված երիկամային ախտահարումներ` բարդացված խրոնիկ երիկամային անբավարարությամբ, տերմինալ փուլում, ծրագրային հեմոդիալիզի կամ փոխպատվաստման անարդյունավետությամբ, հարաճուն ազոտեմիայով և ուրեմիայով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի N18 ծածկագիր):

ՆԵՐԶԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Շաքարային դիաբետ` դեկոմպենսացված փուլում, երիկամների ախտահարումով՝ ծանր ձևի դիաբետիկ նեֆրոպաթիա երիկամային անբավարարություն տերմինալ փուլում, ծրագրային հեմոդիալիզի անարդյունավետությամբ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10 ծածկագիր):

ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրիսվող հիվանդություններ` արյան շրջանառության սուր և խրոնիկ խանգարումներով, տետրապլեգիայով, խիստ արտահայտված թուլամտությամբ, կոնքի օրգանների ֆունկցիայի արտահայտված խանգարումներով, պառկելախոցերով, երկրորդային ինտոքսիկացիայով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի G30 ծածկագիր):

2. Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ` շարժողական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով, բուլբար պարալիչով, հյուծումով (կախեքսիայով) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի G35 ծածկագիր):

ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Չարորակ նորագոյացություններ՝ մետաստատիկ քայքայումով, հյուծումով (կախեքսիայով), ամոքիչ (պալիատիվ) օգնությամբ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C00 ծածկագիր):

2. Միելոմային հիվանդություն` տարածուն պաթոլոգիկ կոտրվածքներով, հյուծումով (կախեքսիայով) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C76 ծածկագիր):

3. Արյան չարորակ հիվանդություններ` 4-րդ փուլում, բուժման ոչ ենթակա ձևերով, արյունաստեղծ ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով, դեկոմպենսացված փուլում (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C97 ծածկագիր):

Share