Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. նոր տան կառուցում Սյունիքի մարզի Դարբաս գյուղում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Սյունիքի մարզի Դարբաս համայնքում մասնակցել են Կարապետյանների կիսակառույց տան շինարարությանը:

Կարապետյանների ընտանիքը փոքր է. երեք եղբայր են: Նրանք որբացել են, երբ մեծը՝ Վրեժն, ընդամենը տասնչորս, իսկ կրտսերը՝ Հայկը, տասը տարեկան էր : Ծնողների ողբերգական մահից  երկու տարի անց վախճանվել են նաև տատն ու պապը, ում խնամակալության տակ էին մնացել եղբայրները:

Չնայած կյանքի դժվարություններին, Վրեժը՝ մեծ եղբայրը, կարողացել է հոգ տանել կրտսեր եղբայրների համար` կազմակերպելով նրանց խնամքը: Զուգահեռաբար՝ սկսել է  կիսակառույց տան շինարարությունը:

«Մեր ընտանիքի համար խորհրդանշական են դարձել հին Հռոմի մեծագույն բանաստեղծ Վերգիլիոսի խոսքերը՝ «ճակատագիրը սիրում է քաջերին» (fortes fortuna (ad)iuvat): Փորձում ենք քաջ լինել: Իմ ամենամեծ երազանքն է եղել տուն կառուցել եղբայրներիս և ինձ համար: Տուն, որտեղ կապրենք իսկական ընտանիքի պես:  Այսօր այդ երազանքն իրականություն է դառնում»,- ասել է Կարապետյան եղբայրներից ավագը՝ Վրեժը: Նա, ի դեպ, դեռ կիսակառույց շինության պատին գրել էր այդ խոսքերը՝ այն կարգախոս դարձնելով իր ու եղբայրների համար:

«Այս տղաների ուսերին կյանքը հիրավի անասելի բեռ է դրել. դժբախտություն՝ դժբախտության հետևից: Այս երիտասարդները, սակայն, չեն հուսահատվել և այսօր տուն են կառուցում: Կառուցում են ապագա: Հուսով եմ, որ շուտով այս տան անդամների թիվն էլ կավելանա և վեմի պես ամուր այս երեք սյուների վրա կկառուցվի հայկական մի նոր օջախ, որի ծուխն անմար կլինի»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող ծրագրի շնորհիվ՝ այս տարի վերանորոգվել և/կամ կառուցվել է 40 բնակարան՝ 40 ընտանիքի համար:

«Յուրաքանչյուրի ամենաոխերիմ թշնամին իր ներսում է: Մենք այն անվանում ենք անտարբերություն: Կարապետյանների տան շինարարության գործում մեր կազմակերպության, ինչպես նաև բոլորիս անհատական ներդրումը բխում է մեր ներքին համոզմունքից. անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել հեռավոր գյուղի ընտանիքին, որն այս դժվարին պայմաններում վճռել է հայրենի հողում տուն կառուցել՝ խորհրդանշելով կյանքի նոր սկիզբը: Պետք է ուշադրության կենտրոնում պահել հավասարապես թե՛ գյուղական համայնքները, թե՛ մայրաքաղաքը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ ծրագիրն իրականացնում է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»: Այս համագործակցության շնորհիվ՝ 2007թ.-ից մինչև օրս, հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք ապահովվել է կացարանով: Տարեվերջին բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

Share