Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. ավելի քան 6.9 միլիարդ դրամ՝ Հայաստանի մարզերի զարգացման նպատակով

Գործունեության տասը տարիների ընթացքում, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 6,9 միլիարդ դրամի ներդրում է կատարել Հայաստանում գյուղական համայնքների զարգացման համար:

Ներկայացնում ենք մարզերում իրականացված սոցիալական ներդրումների մի մասը. 

– Բնակարաններ՝ Գյումրիի և Վանաձորի` երկրաշարժից տուժած կարիքավոր 40 ընտանիքի
– Ջրամատակարարման համակարգի կառուցում
– Խմելու ջրի ապահովում ջրամատակարարում գրեթե չունեցող մի շարք գյուղերում
– Այլընտրանքային էներգիայի ենթակառուցվածքի ստեղծում (արտաքին լուսավորման և ջեռուցման համակարգերի համար)
– Ջեռուցման համակարգի ապահովում մանկապարտեզներում և դպրոցներում
– Պաշտպանիչ պատի կառուցում սահմանամերձ գյուղերում
– Էլեկտրական ցանկապատի կառուցում ընտանի կենդանիներին և անասնագոմերը գիշատիչների հարձակումներից պաշտպանելու նպատակով
– Աջակցություն Կոշ համայնքում գործող՝ երեխաների ցերեկային խնամքի և վերականգնողական կենտրոնին
– Նորածնային խնամքի բուժսարքավորումների տրամադրում մարզային ծննդատներին
– Բժշկական սարքավորումներով և նավիգացիոն համակարգով արդիականացված շտապօգնության մեքենաների տրամադրում մարզային բժշկական կենտրոններին, ինչպես նաև գործակարգավարական համակարգի արդիականացում
– Հաշմանդամների կարիքներին հարմարեցված մեքենաների տրամադրում՝ ներառական կրթության ծրագրերի շրջանակում
– Արագ արձագանքման 911 հեռախոսահամարի տեղայնացում
– Կիսակառույց տների շինարարության ավարտ և վերանորոգման աշխատանքներ գյուղական, այդ թվում՝ սահմանամերձ համայնքներում
– Մարզային կրթական հաստատությունների և մշակութային օջախների վերանորոգում
– Ուսանողների կրթաթոշակի ապահովում
– Համակարգչային սենյակների ստեղծում մարզային կրթական հաստատություններում
– Մարզային կրթական հաստատություններում ինտերնետ կապի ապահովում
– Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակում դասախոսությունների և դասընթացների կազմակերպում՝ մարզերի բուհերի ուսանողների համար
– Մշտադիտարկման ժամանակակից սարքավորումների տրամադրում Ուրցաձորի էկոկրթական կենտրոնին
– Բազային նոր կայանի  կառուցում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում՝ Ուրցաձորի էկոկրթական կենտրոնի  հարևանությամբ և այլ ծրագրեր:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է շուրջ 204 կայուն աշխատատեղ մարզերում՝ մարզային 54  և շարժական 10 սպասարկման կենտրոնների միջոցով:

«Գյուղական համայնքների զարգացումը ենթադրում է գյուղի և քաղաքի, մարզերի և մայրաքաղաքի միջև կյանքի որակի տարբերության կրճատում: Դրան կարևոր է հասնել հատկապես պատերազմից և բնական աղետներից տուժած սահմանամերձ բնակավայրերում: Մենք, որպես ընկերություն և անհատներ, անում ենք հնարավորինը, որպեսզի մարզերում բնակվող մեր հայրենակիցները չհուսահատվեն, իրենց չզգան լքված և շարունակեն հավատալ իրենց երեխաների լուսավոր ապագային: Մայրաքաղաքում կամ սահմանամերձ գյուղում ծնված լինելու փաստը պայմանավորված է մեզանից անկախ հանգամանքներով, և ոչ մեր՝ կամավոր ընտրությամբ: Որպես գիտակից անհատ գործելը, սակայն,  լիովին մեր ընտրությունն է: Մենք՝  վաղվա օրով մտահոգ հայերս, հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ, պետք է շարունակենք կերտել մեր ապագան. ոչ ոք դա չի անելու մեր փոխարեն: Ընտրությունը մերն է. կարող ենք ապրել կամ բացառապես հանուն անհատական երջանկության՝ հոգ տանելով բացառապես մեր մասին, կամ՝ որպես երջանկության բանաձև դիտարկել հանրային բարօրության կերտմանը մեր մասնակցությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ջանք չի խնայում, որպեսզի առօրյա կյանքում չհեռանանք հանրային բարօրություն կերտման՝ դեռևս տասը տարի առաջ ընդունած արժեհամակարգից, այն է՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործունեության առաջին իսկ տարիներից Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը որդեգրելով որպես առանցքային ռազմավարական մոտեցում՝ ընկերությունը շարունակում է առաջնորդվել ԿՍՊ սկզբունքներով, բոլոր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի նախագծման և իրականացման հարցում: Ընդհանուր առմամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 23,8 միլիարդ դրամ է հատկացրել Երևանում և Հայաստանի մարզերում՝ ԿՍՊ նախաձեռնությունների իրագործման նպատակով:

Share